Քաղաքական

Երեկ գիշեր տեղի ունեցածի նպատակն էր հակասահմանադրական եղանակով հեղաշրջում անելը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթում հայտարարել է, թե երեկվա գիշեր տեղի ունեցածը նոյեմբերի 9-ի կրկնության փորձ էր, որի նպատակն էր հակասահմանադրական եղանակով, ընդհուպ մինչև բռնության միջոցով, հեղաշրջում անելն ու իշխանություն զավթելը:

Նրա խոսքով. «Որոշ ընդդիմադիր շրջանակների երեկվա գործողությունը պետության դեմ երկրորդ ճակատ բացելու վերջնանպատակ ուներ, որի նպատակն էր «հողերը հանձնած լինելու» թեզը տարածել բանակում, սահմաններին մարտնչող, հերոսաբար կռվող տղաների շրջանում հուսալքություն և խուճապ տարածել, որի արդյունքում մեր բանակը չէր կարողանա կատարել իր սահմանադրական պարտականությունը և կխախտվեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնամխելությունը և ինքնիշխանությունը:

Վերոնշյալը ձեռք կարող էր տալ միայն Ադրբեջանին, հայաստանյան ընդդիմադիր որոշ իշխատատենչ շրջանակների և օտարերկրյա գործակալական ցանցերին, բայց ոչ երբեք մեր պետությանն ու ժողովրդին: Ահա սա է երեկ կանխվել և ահա դրա համար էր երեկվա մեդիատեռորն ու դրան հաջորդած գործողությունը»։