Քաղաքական

Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ գործունեության արդյունավետության բարձրացման մասին

ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանն ԱԺ իր ելույթում հայտարարեց, թե սահմանային իրավիճակի հետ կապված ինքը շատ հարցերի չի անդրադառնա այն շեշտադրմամբ, ինչ ցանկանում էր։

Սեդա Սաֆարյանը ներկայացրել է իր գործունեությունը, տեսլականն ու պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ: Նրա խոսքով՝ իրավունքի գերակայության և սոցիալական արդարության ներկայիս պակասորդի պատճառներից մեկն իրավաբանական կրթության ոլորտում վատագույն ավանդույթների ներմուծումն է, ինչը խիստ բացասաբար է ազդել նոր սերնդի իրավաընկալման և արժեհամակարգի վրա:  

Անդրադառնալով նախկին իշխանությունների գործելաոճին՝ զեկուցողը նշել է, որ վերջիններս իրավական համակարգը հարմարացրել են իրենց քաղաքական շահերին: Ըստ նրա՝ 2018-ից է, որ իշխանությունները հետապնդել են սահմանադրական, ժողովրդավարական դառնալու նպատակ: Դրանից առաջ ապօրինություններ են եղել, 20-ամյա ոչ ժողովրդավարական կառավարում, պետական ինստիտուտների անիրավչություն: Սեդա Սաֆարյանի դիտարկմամբ՝ հետանկախ Հայաստանում դատական համակարգի ձևավորումը հիմնականում չի բխել Սահամանադրության արժեբանությամբ նախատեսված իրավակարգավորումից, ունեցել է ձևավորման սուբյեկտիվ տարրեր:

«Երբ դատական համակարգը շեղվեց իր սահմանադրական և ժողովրդավարական առաքելությունից, դա իր հերթին հանգեցրեց քաղաքական իշխանության իրավական անպատասխանության և ինստիտուցիոնալ անվերահսկողության, ինչն անդառնալիորեն խեղել է  Սահմանադրությամբ ամրագրված հակակշիռների և զսպումների ամբողջ համակարգը»,- ասել է թեկնածուն՝ ընդգծելով, որ իրավունքի զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը հնարավոր է միայն օրինական կարգով ձևավորված բարեխիղճ արհեստավարժ և չքաղաքականացված դատական իշխանության պարագայում: