Քաղաքական

ԱԺ-ում ընդդիմությունը հավաքված է դավաճանների, հողատուների խմբից. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե այս պահին գլխավոր նպատակը սահմանների պաշտպանությունն է ու անկախության պահպանումը:

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, մասնավորապես, ԱԺ-ի մոտ երեկ գիշեր կազմակերպած հավաքին, Հովհաննիսյանը նշել է. «Երեկ այն նույն մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ գնում էին սահման, զինվորներին համոզում, որ հողերը ծախած են, կառավարում էին անողնաշար հրամանատարների, որոնք դիրքեր հետ բերած տղերքին նահանջի հրաման էին տալիս, որ կոչ էին անում տանկերը պտտել դեպի Երևան, երբ Արցախում թեժ կռիվ էր, այդ նույն մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ Շուշին ընկնի, որ Երևանում գան իշխանության, երեկ նույն բանը փորձեցին կրկնել: Մանիպուլացրին պարզ ու ճշմարիտ միտք, որ հնչել էր այս ամբիոնից, մեդիատեռորի միջոցով խաբեցին էմոցիոնալ, հայրենասեր ժողովրդի մի հատվածին, բերեցին Բաղրամյան պողոտա, նրանց հետ խառնեցին կազմակերպված խմբերի, քաղաքական անմեղսունակների, ծաղրածուների, արկածախնդիրների, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:

Ըստ նրա, երեկվա իրադարձությունները չավարտվեցին իշխանության կողմից ուժային մեթոդներով, այլ կանխվեց ժողովրդի իմաստության շնորհիվ: 

Հովհաննիսյանը նշել է, որ այսօրվա ընդդիմությունը լքել է իր քաղաքական խրամատը. «ԱԺ-ում այսօրվա ընդդիմությունը հավաքված է դավաճանների, հողատուների խմբից»։

Նա վստահեցրել է, որ Քաղաքացիական պայմանագիրն ամուր կանգնած է իր դիրքերում և երբեք չի լքի խրամատը՝ մինչև վերջին շունչը. «Մենք ամուր կանգնած ենք ՀՀ կառավարության, վարչապետի, գլխավոր գերագույն հրամանատարի թիկունքին և մեկ միլիմետր ետ չենք կանգնի այն առաքելությունից, ինչի համար մեզ մանդատ եք տվել»։