Քաղաքական

Այս պահի դրությամբ Ադրբեջանը ևս 10 քառակուսի կմ օկուպացրել է ՀՀ-ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է ևս 10 քառակուսի կմ տարածք։

Նրա խոսքով. «ՀՀ տարածք թշնամի ներխուժել է, դա փաստ է: Նախորդ տարվա մայիսի 12-ին 40քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից:

Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից»: Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ զինուժն աշխատում է այն վերացնելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ. «Բայց պետք է գնանք այդ հարցերի կարգավորմանը։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ»։

Վարչապետն ասաց, թե ստորագրելու է այդ որոշումը՝ առանց մտածելու, թե ինչ կլինի հետո իր հետ. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։