ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների աշխարհաքաղաքական համատեքստին։
Ըստ վարչապետի, Ադրբեջանը բավական երկար ժամանակ փորձում է արևմտյան երկրների մոտ Հայաստանին ներկայացնել պրոռուսական պետություն՝ փորձելով առաջ մղել ՀՀ-ում ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը, իսկ ՌԴ-ի հետ հաղորդակցություններում էլ ՀՀ-ին ներկայացնում է խիստ արևմտամետ պետություն. «Ես չեմ բացառում, որ և արևմուտքում, և ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս կամ իրենց մտածածին համահունչ են։ Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ես հույս ունեմ և համոզված եմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա, նաև՝ նման քաղաքականության առումով մենք ինտենսիվացրել ենք շփումները և ՌԴ-ի, և արևմտյան երկրների հետ, նրանց բացատրելու, որ այդ խոսույթը որևէ կապ չունի իրականության հետ»։
Ըստ Փաշինյանի, որ Հայաստանը ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, փաստ է։ «Որ Հայաստանն ինտենսիվ շփումներ ունի արևմտյան երկրների հետ, դա էլ է փաստ։ Բայց այն համատեքստը, որ փորձում է ներկայացնել Ադրբեջանը, բացարձակ կապ չունի իրականության հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, որ հավատարիմ է իր պարտավորություններին»։