Քաղաքական

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը, իրավիճակը կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Բոլորը միաձայն կողմ են արտահայտվել շուտափույթ հրադադարին և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Հիմա քննարկվում են «տարրերը մամուլի համար»,փորձագետներն աշխատում են դրա վրա»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Մոսկվան պնդում է, որ մամուլի համար հայտարարության մեջ հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք են հանդիսանում։

Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք տարվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։