Քաղաքական

Ցայտուն է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանել խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Շառլ Միշել եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ԱԳ նախարարություններն սեպտեմբերի վերջին ևս մեկ հանդիպում ունենան՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը: 

Նրա խոսքով. «Այս կոնտեքստում առավել ևս ցայտուն է Ադրբեջանի մեղմ ասած ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանել նաև խաղաղության գործընթացը: Ես նկատի ունեմ այն ագրեսիան, ինչ այս օրերին տեսնում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը պաշտպանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգը. «Ահա այդ ֆոնին Ադրբեջանը ոչ միայն ապակառուցողական, առավելապաշտական, մաքսիմալիստական վարքագիծ է դրսևորում բանակցությունների նկատմամբ, այլև ահա այսպիսի ագրեսիա է ձեռնարկում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»։