Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 22 ℃

Рус Eng

Սահմանային լարումն ունի համատեքստ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Քաղաքական

13 Սեպտեմբերի, 15:32

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ-ում։

«Լրատվությունից գիտեք արդեն, որ կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ՝ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան հայկական կողմից, Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Եվ ես այսօրվա իմ ելույթում կփորձեմ նաև ոչ միայն մի շարք փաստեր արձանագրել, այլև ներկայացնել հարցի կոնտեքստը, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:

Այս պահի դրությամբ, Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի, նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում:

Պիտի արձանագրեմ, որ մեր զինվորները, սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար և նաև հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին և սպաներին՝ պիտի ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը և ինքնիշխանությունը: Եվ քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի և կունենա ինքնիշխանություն, Հայաստանի Հանրապետությունը, հայկական պետականությունը կլինի, կլինի հարատև, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար:

Ըստ էության, այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը գնահատում է իրավիճակը, գնահատում է կորուստները, և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի:

Ուզում եմ ասել, որ, ըստ էության, այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են ինձ մոտ, և Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, խորհրդակցություն, քննարկում, որը մինչև լուսաբաց է շարունակվել: Մասնակցել են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, և այդ քննարկման, նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել՝ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և այդ դիմումի առիթով այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա, և որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի:

Ես գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պաշտպանության նախարարն է զրույց ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ, և մենք հիմա այս ուղղություններով աշխատում ենք, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք:

Այսօր, կարծում եմ, անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ և սառը խոսակցություն, և այս համատեքստում կարևոր եմ համարում և այստեղ չեմ զուտ միայն փաստեր հրապարակելու համար, որովհետև այդ փաստերն այսպես թե այնպես լրատվամիջոցների միջոցով հասանելի կլինի կամ կլիներ կամ արդեն իսկ մի մասը հասանելի է հանրությանը: Շատ կարևոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը՝ ինչու է այս ամենը տեղի ունենում:

Նախ արձանագրենք, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի Զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական Զինված ուժերի գործողություններին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Վերջին օրերին դուք, կարծում եմ, հետևել եք, որ ադրբեջանական կողմն անընդհատ, այսպես ասած, տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում իբր Հայաստանի Զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, հերքում էր այդ ամեն ինչը, որովհետև դա իրականության հետ որևէ աղերս չուներ: Եվ, հետևաբար, ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչ է տեղի ունենում:

Նախ, առաջինը, իհարկե, կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Դուք բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություն և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված հենքի վրա մենք պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում: Իհարկե, այս ընթացքում թվում էր սկզբում, թե կա թեմայի շուրջ ըմբռնում, բայց հընթացս և, մասնավորապես վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա:

Հիշում եք, որ այդ սկզբունքների մեջ կային մի քանի կետեր. դրանցից մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր, հղումն այդ սկզբունքներին և հայտարարություններին: Հաջորդ կարևոր կետը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին: Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է. նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ:

Բայց պատմությունը սրանով չի ավարտվում, որովհետև մենք նախկինում էլ ասել ենք և ասում ենք, որ, ինչպես ընդգծեցի, Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, օրինակ, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ և ընդունելի է: Եվ այստեղ ամեն ինչ չի ավարտվում, որովհետև լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում: Իսկ, օրինակ, ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով: Այսինքն՝ օրինակ, Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի՞ է ունենում նաև այն տարածքները, որոնք կամ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում կամ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Արդյոք Ադրբեջանը նկատի ունի՞ նաև Հայաստանի Հանրապետության այս տարածքները: Այս հարցը, համենայն դեպս, մեր տպավորություններով և քննարկումներով, միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում:

Հաջորդ խնդիրը հետևյալն է. բնականաբար, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իրենց՝ քիչ առաջ իմ հիշատակած ընդգծումից, այսինքն՝ իրենց դիրքորոշման ձևակերպումից։

Հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է, որ ենթադրենք այս երկու խնդիրների լուծումից հետո Հայաստանը և Ադրբեջանը, եթե տեսականորեն լինի այդպիսի ըմբռնում և արձանագրում, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կամ, մասնավորապես, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի և չի ունենալու։ Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում, օրինակ, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ և բնորոշմամբ «ապօրինի ձևով», խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ իր ձևակերպմամբ իբր «ապօրինի ձևով» Հայաստանի Հանրապետությանը հանձնված որոշ տարածքների վերաբերյալ և այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, խոսում են այդ տարածքների մասին։ Չնայած մեծ հաշվով պետք է արձանագրենք նաև, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ կամ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով։ Ես ուզում եմ ընդգծել, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում՝ դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ արդեն ասացի, որ նրանց դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և, հետևաբար, Հայաստանի Հանրապետության հետ քննարկելու անհրաժեշտություն չկա: Եվ այդ հարցը իրենք կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ, նաև չի բացառվում, իրենց ձևակերպմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում։

Կրկին եմ ասում՝ ես ոչ թե ուզում եմ ասել, որ այս գործողությունները կոնկրետ ուղղված են այս կամ այն հարցի իմ հիշատակած լուծմանը, այլ ուզում եմ ասել, որ այս իրադարձությունները, լարումը ընդհանրապես ունի համատեքստ, և համատեքստը բաղկացած է որոշակի բովանդակությունից, և ես հարկ եմ համարում ձեզ և մեր ժողովրդին հարկ եմ համարում ներկայացնել այդ բովանդակությունը։

Հաջորդը կոմունիկացիաների բացման թեման է, և գիտեք, որ Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին։ Միջանցք ասելով հարցի կոնտեքստը պարզ է, և չեմ կարծում, թե անհրաժեշտ է պարզաբանել։

Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը. Հայաստանի Հանրապետության տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով նաև ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը՝ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, այդ թվում՝ Ադրբեջանը։ Եթե հիշում եք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է. 9-րդ կետը, ըստ էության, առաջին նախադասությունը նաև ապաշրջափակման մասին է, այսինքն՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների, կապերի ապաշրջափակման, բացման, վերաբացման մասին։ Գիտեք նաև, որ թեման պարզաբանված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ, և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար։ Մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ մեզ համար ընդունելի է այն տրամաբանությունը, որը քննարկվել է, արձանագրվել է 2021թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ և նաև եռակողմ աշխատանքային խմբում։ Գիտեք նաև, որ եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահողը՝ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանում հրապարակային հայտարարություն է արել, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություններն են, որ նոր բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։

Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենամ նշել, որպեսզի տեղի ունեցողի կոնտեքստը մեզ ավելի հասկանալի լինի. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ Հայաստանի Զինված ուժերը և բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որը, իր ձևակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։ Չնայած այն բանին, որ մենք հայտարարել ենք, և դա արձանագրված է նաև մեր պաշտոնական փաստաթղթերում, մենք Զինված ուժերի բարեփոխումներ ձեռնարկում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար։ Այնուամենայնիվ, այն փուլերում, երբ մենք, այսպես ասած, կենտրոնանում ենք Զինված ուժերի և բանակի բարեփոխումների թեմայի վրա, ահա այդ ժամանակներում նման սադրանքներն իրականացվում են նաև պրոցեսն արդեն հայտարարված օրակարգով խոչընդոտելու համար, և սա կարևոր նրբություններից և առանձնահատկություններից է։

Հաջորդ կարևոր նյուանսը, որի մասին կցանկանայի խոսել, այն մասին է, որ, այնուամենայնիվ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչքան էլ այդ մասին ամենատարբեր հայտարարություններ են հնչել, նույնիսկ Հայաստանի ներսում, ակնհայտ է, որ այդ պատերազմի արդյունքում, այո, մենք ծանր կորուստներ ենք ունեցել, բայց Հայաստանի Հանրապետությունը այդ պատերազմի արդյունքում չի կոտրվել, եթե թույլ կտաք նման ձևակերպում այս ամբիոնից անել։ Ավելին, այն ժամանակ հայտնի, այսպես ասած, մթնոլորտի և սոցիալ-հոգեբանական միջավայրի պայմաններում, ըստ էության, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական միջավայրում և Հայաստանում որոշակիորեն, այսպես ասած, շատ նեգատիվ լույսի ներքո ներկայացվեց, և այնպես չէր, որ մենք երջանիկ էինք կամ երջանիկ ենք այդ հայտարարությամբ։ Ես այդ թեմային չէի անդրադարձել երկար ժամանակ, բայց վերջերս կարևոր համարեցի ընդգծել, որ այդ հայտարարության մեջ կա 3+1 կարևոր ինստիստուցիոնալ արձանագրում։

Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է նաև Ադրբեջանի ստորագրությունը, որտեղ արձանագրվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, այդ Լեռնային Ղարաբաղ միավորը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում անվանված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնց ներկայության իմաստը և տրամաբանությունն այդ շփման գծի, հետևաբար, տարածքի, հետևաբար տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելն է, և կա Լաչինի միջանցք, որը ապահովում է երթևեկությունը, այսինքն՝ մարդկանց, բեռների անարգել երթևեկությունը, հաղորդակցությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։

Ուզում եմ ձեզ այսպիսի նրբություն ասել: Դուք տեղյակ եք, որ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղարը և Ազգային ժողովի պատգամավորներ այցելել էին Լեռնային Ղարաբաղ, որին եղավ արձագանք հերթական անգամ Ադրբեջանի կողմից։ Մենք նախկինում դա արձանագրել ենք և հիմա էլ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությամբ հստակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքի գոյության իմաստը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, մարդկանց և բեռների երթևեկությունն ապահովելն է։ Եվ Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումներն ընդհանրապես տրամաբանական չեն, որովհետև, մեր մեջ ասած, այդ հայտարարության մեջ չկա որևէ սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ Լեռնային Ղարաբաղ, և ովքեր չեն կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։

Նախկինում էլ մեր միջազգային մի շարք գործընկերներ այս մասին բարձրաձայնել են և խոսել են: Սա ինչի՞ համար եմ ուզում ասել, որ վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, շրջանառությունից և՛ հանել, և՛ եթե կարելի է այսպես ասել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս սադրանքների կոնտեքստում նաև այս մղումը և նպատակն է երևում:

Հաջորդ՝ ոչ պակաս կարևոր, իմ կարծիքով և իմ գնահատմամբ, հանգամանքը, որը շարունակում է այս մասում իմ ասածը, հետևյալն է, որ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ: Այս համատեքստում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց Տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում: Եվ այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն ուղղակի վիճակագրական թվեր չեն, դրանք նաև զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու որոշակի հնարավորություններ են:

Կա մի հարց, որը ենթադրում եմ՝ կհնչի, և ես եմ ուզում անդրադառնալ այդ հարցին: Հարցը հետևյալի մասին է. արդյոք սա՞ է խաղաղության օրակարգի արդյունքը, և արդյոք այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակագի ձախողում չէ: Մենք բազմիցս ենք ասել, որ որդեգրելով խաղաղության օրակարգը՝ մենք նաև արձանագրում և հասկանում ենք, որ դա միայն մեկ սուբյեկտից կախված չէ: Եվ, ընդհակառակը, այս գործողություններով նաև Ադրբեջանն ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է զարգանալ, ընդ որում՝ մեծ տեմպերով: Խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Ես վերջերս Վլադիվաստոկում ունեցած մի ելույթում, անդրադառնալով ընդհանրապես խաղաղության թեմային, արձանագրեցի, և այդ արձանագրման մեջ ոչ մի չափազանցություն չկար, որովհետև մենք հետևել ենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները նույնպես ասում են, որ իրենք խաղաղություն են ուզում: Մենք էլ ենք ասում, որ մենք խաղաղություն ենք ուզում: Հիմա կարող է հարց ծագել՝ ո՞վ է, որ այստեղ այնքան էլ անկեղծ չէ, և ո՞վ է, որ, ըստ էության, այդ հայտարարություններով չի արտահայտում իր իրական ցանկությունները և մղումները: Պիտի վերահաստատեմ - հասկանում եմ նաև, որ ասածս որոշակիորեն տարօրինակ կարող է թվալ, որ բոլորը, ըստ էության, ուզում են խաղաղություն: Խնդիրն այն է, որ խաղաղություն ասելով յուրաքանչյուր սուբյեկտ կամ սուբյեկտների խմբեր հասկանում են պայմանների կոնկրետ, որոշակի խումբ, խաղաղություն ասելով հասկանում են խաղաղության և նրա պայմանների իրենց պատկերացումը: Եվ խաղաղությունը տեղի չի ունենում այն ժամանակ, երբ այդ պայմանները և պատկերացումները կամ չեն համընկնում, կամ հնարավոր չի լինում դրանք մոտեցնել գրեթե կամ համարյա համընկնման վիճակի և կարգավիճակի:

Սա է ընթացիկ իրավիճակը: Ի՞նչ պետք է անենք մենք հետագայում: Ըստ էության, պիտի գնանք այս ճանապարհով՝ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը, մեր Զինված ուժերը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար: Եվ, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների և անվտանգային մեր հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների և պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է այս համատեքստում, որովհետև շատ կարևոր է, ինչպես նախկինում ասել եմ, հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք:

Այսքանը, հարգելի գործընկերներ:

Կրկին եմ ասում՝ ինձ համար այս ամբիոնից ելույթ ունենալու առավել հրատապ և համապատասխան հատվածներից էր ոչ միայն արձանագրված փաստերը ներկայացնելը, այլև այդ փաստերի համատեքստը ներկայացնելը: Ըստ էության, ես ասացի այս թեմայով ամեն ինչ՝ նաև հաշվի առնելով, որ որոշակի հասկանալի պատճառներով տեղեկատվական վակուում կա ընթացող պրոցեսների, գործընթացների, բանակցությունների բովանդակության, դրանց նրբությունների վերաբերյալ:

Շատ կարևոր է, որ հատկապես այս փուլում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Ազգային ժողովը տեղյակ լինեն կատարվող նրբությունների մասին: Իհարկե, պիտի մեկ նրբություն արձանագրեմ՝ այնպես չէ, որ այն, ինչ ասացի, Ազգային ժողովի մեր գործընկերները լսում են առաջին անգամ: Մենք բազմիցս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել, երբեմն՝ բուռն քննարկումներ: Մենք մի քանի անգամ պատրաստակամություն ենք հայտնել նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ դռնփակ ձևաչափով, քննարկել և պատասխանել բարձրացված բոլոր հարցերին: Ես նկատի ունեմ՝ սա թերևս առաջին անգամն է, որ պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից հնչում են մի շարք նրբություններ, չնայած մեծ հաշվով դրանցում գաղտնիքներ չկան, որովհետև ուշադիր դիտորդը և վերլուծողն այս բոլոր նրբությունները կարող էր տեսնել և նկատել, բայց այսպես համակցված և պաշտոնապես առաջին անգամ ես հնչեցրեցի, որպեսզի իրավիճակը, դրա նրբությունները և խորությունն առավել պարզ դառնա»:

 

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության