Քաղաքական

Մի եկեք դահլիճ, որպես քաղաքացի եմ խնդրում. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խորհրդարանի այսօրվա նիստին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցությունների բացակայությանը։ Նրա խոսքով, անհասկանալի է, թե էլ ի՞նչ պետք է լինի, որ ընդդիմությունը ներկայանա Ազգային ժողով:

«Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգն անվտանգությունից դուրս: Ուզում եմ հասկանալ: Կամ դուք ինչի՞ եք եկել, ուզում եմ դա էլ հասկանալ: Ի՞նչ եք անում դուք երկուսով այստեղ: Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը: Ու՞մ է դա հետաքրքիր: Հիմա մենք դրա մասին ենք խոսո՞ւմ: Ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել: Չորրորդ կետով էլ ասում եք բանակցություններից դուրս գանք Ադրբեջանի հետ: Լո՞ւրջ, դուրս գա՞նք: Բա ի՞նչ անենք դուրս գանք: Երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք: Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահը սպասարկել: Այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա»։

Սիմոնյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԱԺ և խոսում էր հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին, իսկ ընդդիմությունը ասում է «Մենք մեր օրակարգը ունենք». «Մի եկեք էլի դահլիճ, որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ խնդրում: Գալիս եք, ու՞մ եք պետք: Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկել: Այստեղ քաղաքական հարց չկա՝ «քոչարյանական», «սերժական» և այլն, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք: Մի եկեք»։