Քաղաքական

Կներդրվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը

ԱԺ-ն քննարկեց  «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ելենա Թումանյանցը, ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 75 ազդարարումից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել օպերատիվ հետախուզական մարմին ազդարարումը ստուգելու համար: 

Նրա խոսքով, անանունությունը պաշտպանության կարևորագույն միջոց է: Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ անանուն են դիմում. «Հատկապես շեշտադրումը կդնենք անանունության հանգամանքի վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պաշտպանված զգալ: Շատ հաճախ նաև հարցումները ցույց են տալիս, որ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են հնարավոր վենդետայից կամ ինչ-որ հետևանքներից»: 

Նախագծի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը:

Կնախատեսվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը: