Քաղաքական

Չպետք է աշխատավարձ ստանան, եթե աշխատանքի չեն ներկայանում. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների պատճառով մանդատից զրկելու հեռանկարին։

Ըստ նրա. «Տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի: Ես տրամադրված եմ այնպես, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում»: 

Սիմոնյանի խոսքով, եթե մինչև տարեվերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի. 

«Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Ձևերը, որ հիմա նրանք անում են, այլընտրանք չունեն: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ուրեմն այս դահլիճից դուրս ես»։