Քաղաքական

Թող բերեն աշխարհացունց օրենքներ․ Տիգրանյանը' ընդդիմադիրներին

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է չմասնակցել այսօր մեկնարկած ԱԺ աշխատանքներին՝ պատճառաբանելով, թե իշխանությունը չի սպասարկում պետության օրակարգը։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ ԱԺ նիստերին մասնակցել-չմասնակցելն ընդդիմության իրավունքն է. «Որևէ կերպ չեմ վերաբերում ո՛չ իրենց ներկայությանը, ո՛չ՝ պարտականությանը, և թողնում եմ իրենց ընտրողների դատին»:

Անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, թե իշխանությունը չի սպասարկում պետության օրակարգը, Տիգրանյանն արձագանքեց՝ թող ընդդիմադիրները գան, ներկայացնեն պետության շահն սպասարկող իրենց օրակարգը. «Թող բերեն այդ աշխարհացունց օրենքները, դնեն քննարկման, համոզեն հանրությանը, որ դրանք են հենց ամենաէական խնդիրները»։

Ըստ նրա՝ ընդդիմադիրների պատճառաբանությունները սին են. «Նայեք մեր օրակարգի հարցերը. դրանցից ո՞րը չի բխում Հայաստանի շահերից։ Ի վերջո, մենք ուզու՞մ ենք նորմալ, զարգացող պետություն կառուցել և ամենօրյա մեր կյանքով ապրել, թե՞ անընդհատ ցնցումների են ուզում տանել։ Անլուրջ եմ վերաբերում իրենց ամեն տեսակ հայտարարություններին։ Ժամանակն է, որ իրենք կողմնորոշվեն»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն  մասնակցելու ԱԺ աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստին։

Հայկ Մագոյան