Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, ով իր նվիրվածությամբ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ավանդ է ունեցել իր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր բոլորի վիշտը և հղում մխիթարանքի խոսքեր»:
Նախագահը նաև ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին:
Հեռագրում ասվում է.
«Խորապես ցավակցում եմ Ձեզ, թագավորական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
Գահակալության յոթ տասնամյակների ընթացքում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եղել է օրինակելի միապետ՝ իր կյանքն ու գործունեությունը մշտապես ծառայեցնելով սեփական երկրի և ժողովրդի բարօրությանը։
Ժամանակակից աշխարհում Նորին Մեծությունը դարձավ իրավական պետության աներկբա երաշխավոր՝ գործելով հօգուտ համամարդկային ու քաղաքակրթական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:
Թագուհի Եղիսաբեթը իր ժողովրդի ճակատագրով մտահոգ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ էր, որն անվերապահ մեծարանք ու խոր ակնածանք էր վայելում Միացյալ Թագավորությունում և Համագործակցության երկրներում։
Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար»: