Քաղաքական

ԱԺ աշխատանքները բոյկոտող ընդդիմությունը մասնակցում է միջազգային պատվիրակությունների աշխատանքներին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, Radar Armenia-ի հետ զրույցում մեկնաբանելով ընդդիմադիրների խորհրդարան չվերադառնալու հայտարարությունները, նշեց՝ ԵԽԽՎ պատվիրակության ընդդիմադիր գործիչներից մեկը հաստատել է իր մասնակցությունը աշնանային նստաշրջանին։ Ղազարյանի խոսքով՝ խորհրդարանական գործունեությունը խաղ ու պար չէ, որ ընտրես՝ որտեղ մասնակցես, որտեղ՝ չէ։

«Մենք ստացել ենք մանդատ, որի շրջանակում պարտավոր ենք իրացնել մեր պարտականությունները, իրենք էլ են քվե ստացել, հետևաբար իրենց ընտրազանգվածը պետք է հետևություններ անի և հասկանա, որ իրենք իրենց ձայնն ու պահանջը լսելի չեն դարձնում խորհրդարանում, հետևաբար՝ արդյունավետ չեն, գուցե ծույլ են, գուգե աննպատակ են»,- ասաց Ղազարյանը։

Հարցին՝ ստացվում է, որ խորհրդարանական ընդդիմությունը Ազգային ժողովի աշխատանքներին չի մասնակցում, բայց մեկնում է գործուղումների և երկրից դուրս, այնուամենայնիվ, մասնակցու՞մ խորհրդարանական աշխատանքներին, ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ նստաշրջանի սկզբից որոշ գործուղումների արդեն եղել են. «Իմ տեղեկություններով՝ որոշներին էլ արդեն պատրաստվում են։ Գուցե սիրում են ճամփորդել, չեմ կարող մեկնաբանել»։

Հայկ Մագոյան