Ներքաղաքական հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չէր բացառել, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրեն վարչապետի պաշտոնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, սպասելի՞ էր այդ հանգամանքը։
- Իշխան Սաղաթելյանն, իրա շեֆից բացի, ու՞մ պիտի առաջարկի։ Այստեղ որևէ զարմանալու բան չկա։ Անսպասելի կլիներ հակառակը, եթե առաջադրեին այլ մարդու։
- Տևական ժամանակ «Դիմադրության» շարժումը փորձում էր խուսանավել այս հարցից, ինչու՞ են հիմա արդեն խոսում այս մասին։
- Սա տեղավորվում է այդ շարժման ներսում տիրող իրավիճակի տրամաբանության մեջ։ Այս մի թևն իր շահերն ավելի է բյուրեղացնում և անցնում, այսպես ասած, անուններ տալու փուլին։ Սա է տեղի ունենում, և ավելի շատ կարելի է դիտարկել ոչ թե ընդհանուր ներքաղաքական տրամաբանության մեջ, այլ՝ իրենց ներկուսակցական կամ միջկուսակցական պրոցեսների։
- Երկուշաբթի կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ խորհրդարան չեն վերադառնալու։ Նրանք ունե՞ն խորհրդարան վերադառնալու շանս, այսինքն, հասարակությունն ինչպե՞ս կընկալի հիմա նրանց մուտքը ԱԺ։
- Հասարակության ընկալումը վերջին բանն է, որ իրենց հետաքրքրում է, որովհետև, հակառակ պարագայում, իրենք չէին անի այն ամենն, ինչ արեցին անցած մեկ և ավելի տարվա ընթացքում, չէին անի այն, ինչ արեցին ապրիլից հուլիս։ Եվ հասարակության ընկալումներով չէ, որ նրանք առաջնորդվելու են իրենց որոշումներում։
- Խորհրդարանական ընդդիմությունը խոսում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղիների մասին, որոնցից մեկն էլ իմպիչմենտի գործընթաց սկսելն է։ Իրատեսական համարու՞մ եք, որ ընդդիմությունը կկարողանա իրագործել այն։
- Կարծում եմ՝ մենք այստեղ ավելի շատ լոզունգային քաղաքականության հերթական անհաջող փորձի հետ գործ ունենք, որովհետև այդ բոլոր ցանկությունները բախվում են մի իրականության, որ նրանց չի բավարարի ձայները։ Բացի այդ՝ հնարավոր չի լինելու հանրային ճնշում մոբիլիզացնել, որովհետև նրանք իրենց հետ հանրություն չունեն։
Հայկ Մագոյան