Քաղաքական

Բրյուսելյան ձևաչափին շատ մեծ լրջություն չեմ տալիս

Տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։

- Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այնտեղ հնչած գնահատականները։

- Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է քննարկվել։ Եվ դա Պուտինն էլ չի թաքցրել։ Բայց շատ դժվար է ասել, թե բովանդակային ինչ քննարկում է եղել։ Դատելով այն հանգամանքից, որ մի քանի օր առաջ Միրզոյանն ու Լավրովը քննարկել էին խաղաղության պայմանագրի պարամետրերի հարցը, ենթադրում եմ, որ մեկ աստիճան բարձր՝ երկրների ղեկավարների մակարդակով, շարունակվել է այդ քննարկումը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարանջատվու՞մ է հայ-ադրբեջանական հարաբերությունների մյուս բաղադրիչներից, թե՞ չի տարանջատվում՝ այդ հարցի պատասխանն առայժմ  տալ չենք կարող, որովհետև պաշտոնական տեղեկատվությունը շատ լակոնիկ է։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի։ Բրյուսելյան հանդիպումներն այս գործընթացին փոխլրացնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը։

- Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ բրյուսելյան ձևաչափին շատ մեծ լրջություն չեմ տալիս, որովհետև ԵՄ-ն, ցավոք, չունի այն գործիքակազմը, որով գործուն ներգրավվածություն կունենա Հարավային Կովկասում։ Խորապես վստահ եմ, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր մոդերատորն այս պահին Մոսկվան է։ Եվ պատահական չէ, որ երեկ Փաշինյանը այդ հարցում ակնկալում էր Պուտինի աջակցությունը։

- ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Երևանում է։ Որքանո՞վ այս այցը կնպաստի տևական խաղաղության հասնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ 

- Դա կախված է նրանից՝ խաղացողները մրցակցայի՞ն տրամաբանությամբ կգործեն, թե՞ իրենց ջանքերը համադրելու։ Եթե Միացյալ  Նահանգներն ու Ռուսաստանը մրցակցություն ծավալեն և մրցակցային միջավայր ձևավորեն գլոբալ հակադրության համատեքստում, ապա դա միայն նոր ռիսկեր կառաջացնի և հազիվ թե գործընթացին թափ կամ արագություն տա։ Եթե, այնուամենայնիվ, թեկուզ ոչ ֆորմալ, համադրելու, փոխլրացնելու ճանապարհով գնան, արդյունքները տեսանելի կլինեն։

Հայկ Մագոյան