Տեսակետ

«Խայտառակության, անամոթության 9 տարի». Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Խայտառակության, անամոթության 9 տարի

Այսօր սեպտեմբերի 3-ն է՝ ուղիղ 9 տարի է անցել այն օրից, երբ գրեթե ողջ Հայաստանն իսկական շոկի ենթարկվեց:

Ինը տարի առաջ այս օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ մինչ այդ երեքուկես տարի բանակցելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի պայմանագրի շուրջ, ավարտելով բանակցությունը և ըստ էության պատրաստվելով նախաստորագրման՝ այդ ընթացքում բազմաթիվ անգամներ հավաստիացնելով, որ Հայաստանը նախաստորագրելու է փաստաթուղթը: Ահա այս ամենից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը հանկարծ, նույնիսկ իր իսկ ՀՀԿ-ական կուսակիցների համար անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին:

Անցնող 9 տարվա ընթացքում Հայաստանը բազմաթիվ քաղաքական նվաստացումների է ենթարկվել։

Միևնույն ժամանակ այս ընթացքում Հայաստանը մինչև հեղափոխությունը և անդին, հեղինակազրկվել էր Արևմուտքում, կորցրել Արևմուտքի առաջատար պետությունների և անվտանգության ու տնտեսական կառույցների հետ ինտեգրացիայի, համագործակցության ռեալ հեռանկարները, որոնք շոշափելիորեն կբարձրացնեին երկրի անվտանգությունը և զարգացման հեռանկարները:

Պետք է խոստովանել, որ Հայաստանի դեմ պատերազմը գերակտիվ փուլ է մտել ոչ թե 2020-ի սեպտեմբերի 27-ին, ոչ թե 2016-ի ապրիլի 2-ին, այլ 2013-ի սեպտեմբերի 3-ին:

Հայաստանի զարգացումը, արդիականացումը, ապագան չի կարող տեղի ունենալ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Հայաստանի ուղղահայաց և տեխնոլոգիական թռիչքը, արդիականացումը, տեխնոլոգիական կատարելագործումը, տնտեսական զարգացումն ու արտադրական, էներգետիկական, հաղորդակցային ենթակառուցվածքների հիմնումը այլընտրանք չունեն, բայց դա հնարավոր չէ տնտեսական և ռազմաքաղաքական հետադիմական միությունների կազմում։

Հայաստանը պետք է օր առաջ լուծի իր էներգետիկ ինքնաբավության խնդիրը, արձակի կապի ու հեռազգա դիտողական արբայակներ, կառուցի արդիական որակյալ ճանապարհներ ու հաղորդակցության միջոցներ և ունենա գիտության, տնտեսության, արտադրության ու քաղաքականության ֆունկցիոնալ շղթա։

Ուղղակի պետք է թևներս «քշտենք» ու աշխատենք՝ խաղաղություն է, թե պատերազմ։

Բայց դրա համար պետք է որ Հայաստանը ազատված լինի կապանքներից, Հայաստանը պետք է ազատի ինքզինքը այս թռիչքի հնարավորությունը զսպող բոլոր խոչընդոտներից։

Հայաստանը պետք է պատրաստվի խաղաղության՝ այն պաշտպանելով պաշտպանական եւ անվտանգային համալիր կարողություններով։

Կարդացեք նաև Radar Armenia-ի հոդվածը՝ «Ինչպե՞ս Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին»։