Քաղաքական

Ինչպե՞ս Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին

Լրացավ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու 9-րդ տարին. 2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը, բոլորովին անակնկալ, միանձնյա որոշում կայացրեց ԵԱՏՄ-ին միանալու մասին։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ ստորագրեց ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթն՝ ասելով. «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»: 

Հատկանշական է, որ դրանից առաջ Հայաստանը 3,5 տարի շարունակ բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ՝ Եվրաասոցացման պայմանագրի շուրջ։ Նաև նախատեսված էր, որ 2013-ի նոյեմբերին արդեն Վիլնյուսում ՀՀ-ն կստորագրի փաստաթուղթը։ Սերժ Սարգսյանն իր որոշմամբ փոխեց խաղաքարտերը, եվրոպացի չինովնիկների կողմից Հայաստանը որակվեց որպես անկանխատեսելի, անկայուն գործընկեր։

Այնինչ, 2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային (հետագայում Եվրասիական) տնտեսական միությանը, հակառակն էր պնդել. «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Քանի՞ անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»: 

Ի դեպ, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը տևական ժամանակ անհնարին էին որակում այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նաև՝ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պնդելով, որ չի կարող արդյունավետ լինել մի տնտեսական միավոր, որի անդամ երկրների հետ ՀՀ-ն չունի անմիջական ընդհանուր սահման։ Բայց ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո նույն Տիգրան Սարգսյանն ու Շավարշ Քոչարյանը եղան այդ որոշման ջատագովները, ավելին, Տիգրան Սարգսյանը բարձր պաշտոն զբաղեցրեց ԵԱՏՄ-ում՝ լինելով կոլեգիայի նախագահ։

Բայց դե հիմա ո՞վ է հիշում այս ամենը։

Արման Գալոյան