Քաղաքական

Մոսկվան խաղը շարունակելու հակվածություն ունի

ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանից պատասխան է ակնկալում՝ կապված օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ։ Թեմայի շուրջ Radar Armenia զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։

Քաղաքագետն ասում է, որ այստեղ ակնհայտ է՝ Մոսկվան խաղը շարունակելու հակվածություն ունի։

«Բոլոր այն ուժերը, որոնք «համարժեք պատասխան» են պահանջում, նպաստում են հենց այդ խաղին՝ ստեղծելով ռուսաֆոբ Հայաստանի պատկեր՝ լեգիտիմացնելով տարբեր հարցերում Մոսկվայի ճնշման ուժեղացումը Հայաստանի նկատմամբ»,-ասում է Սուրենյանցը նշելով, որ ակնհայտ է՝ խնդիրն ավելի տարողունակ է, քան «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի շուրջ արձագանքը։ 

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, որն  այս պահին Ռուսաստանն օգտագործեց իր անվստահությունը Հայաստանի գործող իշխանությանը հայտնելու համար։

«Պաշտոնական Երևանը պետք է սա հստակ հասկանա և, ըստ այդմ, պիտի կառուցի իր քաղաքականությունը։ Շատ ճիշտ է, որ պաշտոնական Երևանը շտապ ու էմոցիոնալ պատասխան չտվեց»,- նկատում է Սուրեն Սուրենյանցը և հավելում, որ Հայաստանին պետք չէ որևէ հակադրություն հայ-ռուսական հարաբերություններում և հույս է հայտնում, որ պաշտոնական Երևանն այս խնդիրը կարող է լուծել երկխոսության ճանապարհով՝ առանց հակակրության էլեմենտ մտցնելու այդ հարաբերություններում։

Քաղաքագետի կարծիքով՝ ինչքան հրապարակային խնդիրներ առաջանան հայ-ռուսական հարաբերություններում, այնքան դրանցից օգտվելու են Թուրքիան և Ադրբեջանը։

Սուրենյանցը նաև չբացառեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան բողոքի նոտան կապ ունի Արցախում վերջին էսկալացիայից հետո՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Հայաստանի հնչեցրած գնահատականների հետ։

«Պետք չէ մոռանալ, որ հայ-ռուսական հարաբերություննեը ասիմետրիկ են։ Իհարկե ֆորմալ առումով խոսքը երկու ինքնիշխան երկրների մասին  է, բայց մենք լավ գիտենք, որ ռեսուրսները համադրելի չեն»,- ասում է Սուրենյանցը և նշում, որ պետք է ընդունենք, որ Ռուսաստանը կայսրություն է, իսկ կայսրությունները հենց նման կոշտ ձևակերպումներով են արձագանքում այն երկրների վարքագծին, որոնց համարում են իրենց պատրոնաժի տակ։

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը հասկացնում է, որ Արցախում ռուս խաղաղապահների գործողությունների առնչությամբ Հայաստանի արձագանքը եղել է ոչ դաշնակցային։

Հիշեցնենք՝ Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել էր, որ հիշատակված նոտան ստացել են և սահմանված կարգով կարձագանքեն։

Հայկ Մագոյան