Երեկ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ: Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։
Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հղած նոտան եղել է շատ վատ ու անհարմար պահին՝ Հայաստանում հայտարարված սգո առաջին իսկ օրը։
«Այդ քայլը՝ նոտայի հղումը, դիվանագիտական քայլ չէ։ Սա հակադիվանագիտություն է։ Մենք պետք է հասկանանք, որ ռուսական դիվանագիտությունը երբեք չի փայլել և այս նոտան դրա վառ արտացուլումն է»,-նկատում է Ստեփանյանը և հավելում, որ եթե ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նոտայի հետ համեմատելու լինենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարությունը, ապա կտեսնենք, թե որն է ավելի շատ բարեկամական երկրի նոտա, իսկ որը՝ ոչ բարեկամական։
Դավիթ Ստեփանյանն ասում է, որ Ռուսաստանի դեսպանությունը աշխատում է ինքն իր դեմ՝ ռուսական շահերի դեմ։
«Այդ մարդիկ այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ երկիրը, երկրի հետ հարաբերությունները միայն առաջին դեմքի, ԱԳ նախարարի, կամ պաշտպանության նախարարի հետ հարաբերությունները չեն։ Պետք է աշխատեն ժողովրդի, հասարակության հետ»,- ընդգծում է քաղաքագետը՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ Ռուսաստանն աշխատում է ինքն իր դեմ ինչպես Ուկրաինայում, ինչպես աշխատում է հետխորհրդային ամբողջ տարածքում։
Քաղաքագետը նույնպես կիսում է այն կարծիքը, որ Ռուսաստանի իշխանությունները չեն վստահում Հայաստանի իշխանություններին, այնպես ինչպես չեն վստահում որևէ այլ երկրի իշխանությանը, և այս ամենը Ստեփանայանը համարում է ռուսական քաղաքականության մեղքը։
Այս համատեքստում Ստեփանյանը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ ինչ ցանես, այն էլ կհնձես, ապա հավելում՝ նրանք սա են ցանել և սա են ստանում։
«Հետխորհրդային տարածքում չկա որևէ երկիր, որը ցանկություն ունենա Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ, որովհետև դա անհնար է»,- եզրափակելով խոսքն՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Հայկ Մագոյան