Քաղաքական

Պայթյունից տուժած քաղաքացիները բուժօգնություն ստացել են պետպատվերով

Պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի։ 58-ը առողջացած դուրս են գրվել, և այս պահին չորս քաղաքացի գտնվում է բժշկական կենտրոններում։ Այս մասին այսօր գործադիրի նիստում ներկայացնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո ստեղծված իրավիճակը՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ հոսպիտալացված քաղաքացիների վիճակը գնահատվում է բավարար։

«Առաջիկայում ապաքինումով բոլորը դուրս կգրվեն»,- տեղեկացրեց նախարարը։

Առողջապահության նախարարը հավելեց, որ հիմնական վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային քերծվածքներ, այրվածքներ։ Ավանեսյանը հավաստիացրեց՝ հիմնական մասը առաջին օրը ստանալով բուժօգնություն՝ ուղարկվել են տուն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ վիրահատությունները, բուժօգնությունը ՀՀ քաղաքացիներին պետպատվերով է եղե՞լ։ Նախարարն ընդգծեց, որ ամբողջ բուժօգնությունը անվճար է եղել և, եթե անհրաժեշտություն լինի հետագա բուժումը շարունակելու, կրկին անվճար կլինի։