Առավոտյան 8։30-ից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` նշելով, որ այդ աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնային գոտում։
Նախարարն ասաց, որ, ըստ տեղեկությունների, այդ հատվածում պայթյունի պահին քաղաքացի է եղել։
«Շինության հետ կապված հարցերը կքննարկվեն ինժեներական աշխատանքների ավարտից հետո»,-ասաց Արմեն Փամբուխչյանը՝ հավաստիացնելով, որ որևէ մարդկային ուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքի պակաս այս օրերին չի եղել, որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի բռնկումից և պայթյունից հետո՝ 49 ժամվա ընթացքում, մեկուսացվել է կրակը, իսկ 4 ժամ անց՝ 53 ժամ հետո, հրդեհը մարվել է. ժամանակ առ ժամանակ իրականացվել են հովացման աշխատանքներ։