Իմ սյուբեկտիվ կարծիքն է, որ այս պայթյունը որևէ տեռորիստական ակտի հետ կապ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հարուցված է քրեական գործ։
«Քրեական գործը կարծում եմ կբացահայտի՝ ինչ է տեղի ունեցել, բայց մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ մի տեղ և մի փոքր կայծը նմանատիպ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հարցին՝ ինչու 2021 թվականի օրենքով չկարգավորվեց հրավառ նյութերի պահպանման վերաբերյալ Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը, Տիգրան Ավինյանն ասաց՝ «Ազգային ժողովում հարցը քննարկվեց, բայց պետք է հասկանալ, որ այստեղ կա մի մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս տեսակ աշխատանքի հետ և պետք է նաև իրենց լսել»։
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ խոսել են ԱԺ պատգամավոր Սիսակ Գարբրիելյանի հետ, ով նաև հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագծի համահեղինակն է, նշելով, որ սեպտեմբերին գումարվող ԱԺ առաջին նստաշրջանում արտահերթ նիստով այս հարցը կքննարկվի։