Քաղաքական

Տեղեկատվական մանիպուլյացիաները «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի վերաբերյալ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երեկ Երևանի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունին անդրադարձել են ռուսական տելեգրամ ալիքները, որոնց լուսաբանումը մտահոգության տեղիք է տվել հանրության շրջանում` նկատի ունենալով նրանց օգտագործած բառերը, ձևակերպումները, արտահայտությունները և գնահատականները։ Մի շարք գործիչներ մտահոգվել են, թե ինչպես են լուսաբանում Հայաստանում տեղի ունեցած պայթյունը ռուսալեղզու կամ հենց ռուսական ալիքները։ Այս ամենին միացել են նաև որոշ հայկական լրատվական միջոցներ և գործիչներ։ 

 

Տելեգրամյան ալիքներից առաջինը թեմային անդրադարձել է Միկա Բադալյանը։ Նա իր ալիքով օպերատիվ անդրադարձել է պայթյունի գոտում ստեղծված իրավիճակին՝ հայտնելով, որ 5 տարեկան երեխա է զոհվել պայթյունից։ Նաև տեղադրում է տեսանյութ՝ նշելով, որ իրենք հրապարակել են միայն զոհված տղամարդու տեսանյութը, իսկ աղջկան վերաբերվող տեսանյութը չեն հրապարակի էթիկայի տեսանկյունից։ Հարապարակումից հետո այս լուրը արագ հերքում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նախարարության հերքմանը անմիջապես պատասխանում է Միկա Բադալյանը՝ ընգծելով, որ ինքը անձամբ է զրուցել այն մարդու հետ, ով աղջկան դուրս է բերել փլատակների տակից և նշել, որ ցավոք սրտի աղջիկը մահացած է եղել...

Թեմային անմիջապես արձագանքում է նաև 44-օրյա պատերազմից մեզ հայտնի Wargonzo տելեգրամյան ալիքը, որը հրապարակում է փլատակների տակ հայտնված տղամարդու տեսանյութը՝ նշելով, որ իրենց մոտ կա նաև 5-ամյա աղջկան վերաբերող տեսանյութը։ Այս հրապարակմամբ կիսվում է նաև Բադալյանը։ Ուշագրավ է, որ առողջապահության նախարարության հերքումից հետո Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ականատեսներից մեկը փլատակների տակից հանել է արնահոսող աղջկան և ոստիկանության մեքենայով տեղափոխել նրան։ Ըստ Wargonzo-ի՝ աղջկա մոտ սրտի աշխատանք չի զգացվել։ 

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ «մեդիագրոհին» միանում է նաև Wargonzo ալիքի ղեկավարի անունը կրող տելեգրամյանը մեկ այլ ալիք, որն ունի մոտ 18 հազար բաժանորդ։ Ընդգծենք, որ նույն անունով տելեգրամյան այլ ալիքներ նույնպես գոյություն ունեն, բայց այս մեկն աչքի է ընկնում իր օպերատիվությամբ և ապատեղեկատվության տարածմամբ։ Հենց առաջին հրապարակմամբ՝ ալիքը գուժում է, որ պայթյունից զոհվել է 6 ռուս տուրիստ։

Ալիքը ուշագրավ տեղեկատվություն է տարածում, որ «ստացված բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երևանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է հայկական արևմտամետ ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որի ղեկավարը մոլի ռուսաֆոբ է»։

Շարունակելով ապատեղեկատվությունների շարքը՝ ալիքը հաղորդում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ռուսաստանցիներին կոչ է անում չեղարկել իրենց ծրագրված այցերը Երևան, քանի որ պահպանվում է կրկնվող ահաբեկչությունների սպառնալիքը։

Պայթյունին վերաբերվող ապատեղեկատվությունը տարածվեց նաև հայկական լրատվական դաշտում։ 168.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով «այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում»։ Հատկանշական է, որ այդ լուրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից անմիջապես հերքվում է և նշվում, որ մինչև պայթյունը ոչ մի հաղորդագրություն չի տարածվել։ Գրասենյակից հաղորդել են, որ աշխատակիցներին ծանուցումը մեյլով չի եղել, այլ հաղորդագրություն է ուղարկվել պայթյունից մեկ ժամ անց, որովհետև պետք է եղել արագ տեղեկանալ՝ թե արդյո՞ք աշխատակիցներից որևէ մեկը չի գտնվում դեպքի վայրում։