Քաղաքական

Ստահոդ և մտացածին տեղեկություններ են. ՊՆ խոսնակի հերքումը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքում է Hraparak.am-ի՝ «ՊՆ-ում կադրային փոփոխություններ են» վերտառությամբ հրապարակումը, որտեղ նշվում է, թե իբր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ շաբաթներ առաջ Դիլիջան մեկնելու ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ պարբերականի՝ բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել Պապիկյանին, որից հետո վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել և ձերբակալել տղային։ «Հրապարակ»-ի հոդվածում ասվում է, թե Պապիկյանին իբր մատ ցույց տված տղան ՊՆ գնդապետ, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանի որդին է։ Ըստ լրատվամիջոցի՝ Աթոյանին այդ դեպքից անմիջապես հետո Պապիկյանը, իբր, զորացրելու հրաման է տվել։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց, որ  նման միջադեպ ՊՆ նախարարի մասնակցությամբ չի եղել: 

«Ստահոդ և մտացածին տեղեկություններ են: Իսկ գնդապետ Հրայր Աթոյանը զորացրվել է 2022թ.՝ իր դիմումի համաձայն, երկարամյա կենսաթոշակի հիմքով»,- նշեց Արամ Թորոսյանը:

Հայկ Մագոյան