Քաղաքական

Ինչո՞ւ են Մեղրի-Ագարակ ճանապարհին հսկողություն իրականացնում ռուս սահմանապահները

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուս խաղաղապահները հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում են, ստուգում, նոր՝ բաց թողնում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ մի համայնքից մյուսը գնացող քաղաքացիները ստիպված են մաքսակետերով կամ անցակետերով անցնել։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը նախ հերքեց տարածվող տեղեկությունները, թե Մեղրիից Ագարակ գնալու համար քաղաքացիները պետք է մաքսակետերով կամ անցակետերով անցնեն, նաև ընդգծեց, որ դրանք ոչ թե ռուս խաղաղապահներ են, այլ  ռուս սահմանապահներ, որոնք ոչ թե վերահսկում են մարդկանց մուտքն ու ելքը, այլ ընդհանուր պետական սահմանի երկայնքով, պետական սահմանի մասին օրենքի համաձայն, իրենց ծառայությունն են իրականացնում։

Հարցին՝ ստացվում է՝ Մեղրիից Ագարակ մտնելու համար ռուս սահմանապահնե՞րը պետք է ստուգեն ՀՀ քաղաքացիներին, ապա՝ թույլատրել կամ չթույլատրել մեկնել, Մեղրիի համայնքապետը արձագանքեց. «Ոչ։ Ժամանակ առ ժամանակ, ծառայության բերումով, ռուս սահմանապահները ստուգում են մեքենաները, դրանց պարունակությունը։ Դա ոչ թե մշտական բնույթ  է կրում, այլ՝ պարբերական, ելնելով իրավիճակից»։

Radar Armenia-ն հետաքրքրվեց՝ հիմա ի՞նչ իրավիճակ է, որ ռուս սահմանապահները հսկողություն են իրականացնում։

«Այս պահին սովորական ծառայություն է։ Պարզապես վերջին 8-9 ամիսներին ռուսական սահմանապահ զորքերի կողմից մոդուլային հենակետեր են կառուցվել, և դրանցում նրանք ծառայություն են իրականացնում»,- ասաց Զաքարյանը և հավելեց, որ  ռուս սահմանապահների ծառայությունը մոդուլային հենակետերում միշտ չի եղել, բայց ծառայությունը մշտապես եղել է. «Ռուսական սահմանապահ զորքերն արդեն 77 տարի է՝ ծառայություն են կատարում Հայաստանի պետական սահմանի երկայնքով»։

Հայկ Մագոյան