Քաղաքական

Ի՞նչ է նշանակում «խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտում»

Երեկ՝ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին շրջանում Արցախի սահմաններին ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտարարեց՝ այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը: 

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, բացատրելով «խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտում» արտահայտությունը, ասաց, որ խոսքը ռուս խաղաղապահների մանդատի մասին է. «Վերջին պատերազմի ավարտից հետո խաղաղապահ ուժերի մանդատի վերաբերյալ ակտիվ բանակցություններ էին ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել էր ստորագրել այդ մանդատը։ Մանդատը ենթադրում է խաղաղապահ առաքելության գործառույթների սահմանում, նրանց լիազորությունների և իրավունքների սահմանում։ Այն փաստաթուղթ է, որտեղ նշված է՝ ինչ պիտի անեն կամ չանեն խաղաղապահները։ Բայց Ադրբեջանը հրաժարվում է փաստաթուղթը ստորագրել՝ պնդելով, որ դրա տակ չպետք է լինի Հայաստանի ստորագրությունը»։

Ըստ Գրիգորյանի՝ ադրբեջանական կողմը այդ քայլը բացատրում է նրանով, որ ռուս խաղաղապահները, ըստ իրենց, գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ, նա նշեց, թե Ադրբեջանը հետաքրքրված չէ այդ մանդատի ստորագրությամբ, որովհետև այն Լեռնային Ղարաբաղում ռուսական ներկայության հարատևման կարևոր քայլ կլինի։

Հիշեցնենք՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել, ինչի հետևանքով հայկական կողմը 2 զոհ և 19 վիրավոր ունի։

Հայկ Մագոյան