Իրան-Հայաստան արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի համատեղ աշխատանքային խումբը երկուշաբթի օրը քննարկել է Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և հուշագրերի կատարման ընթացքը։ Այս մասին հաղորդում է tehrantimes.com-ը։
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Իրանի Առևտրի խթանման» կազմակերպության կողմից, մասնակցել է կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյման-Փաքը, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի գլխավոր տնօրեն Ռահմատոլլահ Խորմալին, ինչպես նաև Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը:
Կողմերը քննարկել են Իրանի ինժեներական և տեխնիկական ծառայությունները Հայաստան արտահանելու հնարավորությունները։ Երկու երկրների միջև բարտերային առևտուրը, հյուսիս-հարավ միջանցքի զարգացումը, դեղորայքի և բժշկական սարքավորումների համատեղ արտադրություն հիմնելու հարցերը։
Ողջունելով Հայաստանում դեղորայքի և բժշկական սարքավորումների համատեղ ձեռնարկություն հիմնելու գաղափարը՝ հայկական կողմն այդ նախագիծը համարել է միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորություն։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը, ում անունը իրանական թերթը չի նշում, անդրադառնալով 2022 թվականի առաջին 5 ամիսներին արձանագրված փոխադարձ առևտրի 33 տոկոս աճին, ողջունել է Երևանում Իրանի առևտրի կենտրոնի հիմնադրումը և խնդրել է Հայաստան ուղարկել գործարարների և դեղագործների պատվիրակություններ՝ իրենց գործընկերների հետ ծանոթանալու համար։