Քաղաքական

Ընդդիմադիրներն ԱԺ կմտնեն հրապարակի օրակարգը սպասարկելու

«Խորհրդարանում մենք լինելու ենք բացառապես մեր օրակարգով։ Մենք երբևէ չենք մերժել մեր օրակարգով խորհրդարան գնալը, խորհրդարանական գործիքներից երբեք չենք հրաժարվել, բայց մերժելու ենք ՔՊ-ի օրակարգով խորհրդարանում ներկա լինելը, որովհետև այդ օրակարգը կապ չունի Հայաստանի, Արցախի անվտանգության և, ընդհանրապես, մեր մարտահրավերների հետ»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը հավելեց, որ եթե իրենք որևէ պահի հայտնվեն խորհրդարանում, ապա՝ բացառապես հրապարակում արձանագրված օրակարգը սպասարկելու համար. «Օրինակ, իմպիչմենտի կամ նմանատիպ այլ գործընթաց իրականացնելու համար։ Այսինքն, ցանկացած գործողություն նպաստելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, և յուրաքանչյուր գործողություն, ելույթ լինելու է այդ օրակարգի մեջ»։

Իսկ արդյո՞ք ԱԺ կողմից ընդունված մեկ դեկլարատիվ հայտարարությունը կբավարարի ընդդիմադիրներին, պատգամավորը պատասխանեց, որ իրենց պայքարն ինքնանպատակ չէ, չնայած, որ, ըստ նրա, ՔՊ-ն նույնիսկ այդ դեպքում չի կարող հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Հայաստանում քաղաքական երկու բևեռներ կան ձևավորված. մի կողմը պնդում է, որ զիջումներով կարող ենք երկիրը պահել, մյուս մասը մտածում է, որ զիջումներով օրակարգ չի կարող լինել։ Հիմա այդ երկու օրակարգերը հատման կետ չունեն։ Հայաստանի որևէ իշխանություն եթե պատրաստ է ամրագրել այն կարմիր գծերը, որոնք հնչում էին հրապարակից, ուրեմն կլինի խոսելու և համագործակցելու կետ։ Խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում իրենք ցույց են տվել, որ խոսելու հատման կետը չկա։ Հակառակը, իրենք հակասում են հանրային օրակարգին, պետության ու հասարակության շահերին»,- նշեց նա։