ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը հուլիսի 22-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էդուարդ Աղաջանյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների և խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները: Ըստ նրա՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են արդի տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում զարգացումները, դրանց զուգորդող խնդիրները, լուծումների ուղիները, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձին, պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր:
Էդուարդ Աղաջանյանի հավաստմամբ՝ արձանագրվել է Եվրոպական խորհրդարանի դրական գործունեությունը և ազդեցությունը տվյալ գործընթացների վրա, մասնավորապես, նշվել և առանձնացվել են կոնկրետ հայտարարություններ և բանաձևեր, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հայտարարությանը Եվրախորհրդարանի կողմից: Հայկական կողմն արձանագրել է դրանք և շնորհակալ է եվրոպացի գործընկերներին այս սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշման համար:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը նույնպես կարևորել է տեղի ունեցած հանդիպումները, շեշտադրել է դրանց ընթացքում քննարկված հարցերի կարևորությունը: Նա նաև ընդգծել է Եվրախորհրդարանի ակտիվ դերակատարությունը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Դեյվիդ Մքալիսթերը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը երկու երկրներին կոչ է արել վերադարձնել ռազմագերիներին։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը նաև նշել է, որ Եվրախորհուրդը ցանկացած դեպքում կշարունակի կապի մեջ լինել հայ գործընկերների հետ:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերություններում չի փոխվել, և որևէ նախապայման հայկական կողմի համար անընդունելի է: