Քաղաքական

Որքա՞ն գումար է պահվել անհարգելի բացակայած ԱԺ հանձնաժողովների նախագահների աշխատավարձերից

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանձնաժողովների նախագահների մեջ միակն է, որ ոչ մի անգամ անհարգելի չի բացակայել՝ ոչ ԱԺ, ոչ հանձնաժողովի նիստերից։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ ներկայացված հարցման պատասխանից։

Լիագումար նիստերից մեկական անհարգելի բացակա ունեն՝

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Արման Եղոյանը,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը,

Այս բացակայությունների համար նրանց աշխատավարձից պահում է կատարվել՝ յուրաքանչյուրից 36.075 դրամի չափով։

Միաժամանակ, վերոհիշյալ հանձնաժողովների նախագահները պարտաճանաչ մասնակցել են իրենց գլխավորած հանձնաժողովների նիստերին։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լիագումար նիստերից բացակայել է 3 անգամ, նրանից 113.925 դրամ պահում է կատարվել, հանձնաժողովի նիստից Աղաջանյանն անհարգելի բացակա չունի։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանից իր 3 բացակայության համար պահում է կատարվել 108.229 դրամ, հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայություններ նա չունի։

Այլ պատկեր է ընդդիմադիրների գլխավորած հանձնաժողովներում։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը լիագումար նիստից 15 անգամ անհարգելի բացակայել է, ինչի հետևանքով նրա աշխատավարձից պահվել է 558․867 դրամ։ Հակոբյանը 7 անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից, պահվել է 255.970 դրամ։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը լիագումար նիստից անհարգելի 14 բացակա ունի, որի համար պահում է կատարվել 515.376 դրամ։ Հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակա չունի։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը լիագումար նիստերից անհարգելի 10 բացակայություն ունի, որի համար պահում է կատարվել 364.199 դրամ, իսկ հանձնաժողովի նիստից 3 անհարգելի բացակայության համար՝ 108.229 դրամ։