Քաղաքական

Նախատեսվում է բարեվարքության ստուգում նաև դատախազների, քննիչների, ՔԿԾ աշխատողների համար

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացնելով դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, խոսեց դատական համակարգի բարեփոխումների մասին։ Ըստ նրա՝ նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը: Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է:

Նախարարը նաև մանրամասնեց. «Հաջորդ կարևոր խնդիրը բարեվարքության ստուգումն է, ու սա միայն դատավորներին չի վերաբերում: Այսօր միայն նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունն է ստուգվում, իսկ ռազմավարության առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ ստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա»։ 

Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների համար:

Ռազմավարության հաջորդ շեշտադրումը Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորությունն է, որն օրենսդրական լուծումներով կներկայացվի կառավարությանը: