Քաղաքական

Իրանը կօգտագործի ռազմական ուժ

Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի և Հայաստանի սահմանի արգելափակման քաղաքականությանը։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ապա նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այս միտքը, որը առանձին գրառմամբ նաև Թվիթերում հրապարակվեց, քննարկումների ալիք բերեց մեր երկիր։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը անհասկանալի որակեց այս հայտարարությունից հետո Հայաստանում առաջացած էյֆորիան։ Ըստ նրա՝ այդ միտքն առաջին անգամ չի հնչել. «Իրանը բազմիցս նշել է տարբեր մակարդակներով, որ ռեգիոնում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է։ Մենք պետք է Իրանը դիտարկենք մեկ շարքում՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Այդ երեք տերություններն ամբողջ պատմության ընթացքում կիսել են Հարավային Կովկասը, Հայաստանը, և հերթով այստեղ եղել են աշխարհաքաղաքական մոնոպոլիստ։ Մենք պետք է լավ հասկանանք, որ Իրանն այսօր իր դիրքորոշումը Հայաստանի և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի վերաբերյալ չի փոխել։ Մեզ դիտարկում են որպես նախկին պարսկական գաղութ, և իրադրությանը հենց այդ դիտանկյունից պետք է նայել։ Կոնկրետ Խամենեի հայտարարության բուն պատճառը, կարծում եմ, այն է, որ Իրանում շատ լավ հասկանում են, որ եթե Թուրքիան և Ռուսաստանը կարողանան 44-օրյա պատերազմից սկսած իրենց գործարքը հասցնել հաղթական ավարտին, Սյունիքը կիսվելու է էքստրատերիտորիալ միջանցքով մեջտեղից, և այդ դեպքում Իրանը շատ լուրջ վտանգ է ստանում հյուսիսից. օրերից մի օր կարող է Հայաստանի հետ սահման չունենալ, իսկ Հայաստանը այն փոքր պատուհաններից մեկն է, որը թույլ է տալիս Իրանին՝ շնչել»։

Հարցին՝ Հայաստանն ի՞նչ անելիքներ ունի վատագույն սցենարներից խուսափելու համար, մեր զրուցակիցը նկատեց. «Հայաստանն այստեղ ոչ մի անելիք չունի, որովհետև, ցավոք, դա մեր երկրի մակարդակը չէ։ Թեհրանում թիվ մեկ հարցը, որը քննարկվում և լուծվում էր, Սիրիայի հարցն էր, նրանք փորձում են համադրել իրենց շահերը Սիրիայում և հասկանալ, թե ինչպես պետք է շարունակել գործել»։

Ստեփանյանը նաև նշեց, որ մինչև փետրվարի 24-ը մեր տարածաշրջանում նոր քարտեզ էր մշակվում։ Սակայն հետո ՌԴ-ն խրվեց Ուկրաինայում, և եթե նույնիսկ Հարավային Կովկասում նախատեսվում էին վերաձևավորումներ՝ ՌԴ և Թուրքիայի միջև փոխգործակցության պայմաններում, այսօր այդ պայմանները չկան։ Ըստ նրա՝ Ռուսաստանն այսօր այդ հնարավորությունները չունի, Թուրքիայի մանևրելու հնարավորությունները սահմանափակվել են, իսկ Արևմուտքը բավականին ուժեղացել է։

Քաղաքագետը չի բացառում Իրանի կողմից իր դիրքորոշման պաշտպանման ռազմական ճանապարհը. «Եթե գործը հասնի դրան, կարծում եմ՝ Իրանը կօգտագործի ռազմական ուժ, որովհետև դա գոյաբանական վտանգ է Իրանի համար։ Միայն այդ ժամանակ Իրանը կարող է աչք փակել, եթե դրա դիմաց ինչ-որ պրեֆերենցիաներ ստանա, բայց ես այսօր չեմ տեսնում այդպիսի հնարավորություններ. ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ բան չունեն զիջելու։ Չեմ բացառում, որ Իրանը կարող է գնալ ռազմական գործողությունների, բայց չեմ տեսնում սցենար, որով այդ միջանցքը կարող է տրամադրվել Թուրքիային և Ադրբեջանին այն կարգավիճակով, որով իրենք պահանջում են։ Կա ապոկալիպսիս սցենար՝ այս տարածաշրջանը վերածվելու է Սիրիայի, դա շատ վատ է լինելու մեր երկրի համար, քանի որ այդ կռիվը լինելու է նաև մեր տարածքում, և ոչ մեկը չի հասկանալու, թե ով ում հետ է կռվում։ Լինելու է պրոքսի-պատերազմ, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք այդ սցենարից և թույլ չտանք, որ մեր տարածքում այդպիսի գործողություններ լինեն, դա է մեր շահը»,- ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։