Քաղաքական

«Անում ենք, միանգամից լավը անենք». վարչապետը հանձնարարեց իրականացնել ճապարհներին ներկառուցված կշեռքների համակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհային կշեռքների համակարգի անհրաժեշտությանը։

Նրա խոսքով. «Մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր ու մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որ կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ նպատակին»։

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ ասաց, թե հատուկ ուշադրության կենտրոնում է թեման. համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացրել ու սկզբնական փուլում ունեին երկու շարժական կշեռքներ, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էին իրականացնում խնդրահարույց հատվածներում։

Ասոյանը մանրամասնեց. «Հետագայում կշեռքների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, մենք ձեռք ենք բերել երկու ստատիկ կշեռք ու ևս մեկ  շարժական կշեռք: Շարժական կշեռքը գործածության մեջ է, Արմավիրի մարզում է, բայց պարբերաբար փոխում ենք տեղը, քանի որ վարորդները, երբ իմանում են տեղը, անմիջապես այլընտրանքային լուծումներ են գտնում»։ 

Ասոյանի խոսքով՝ ստատիկ կշեռքի համար նախատեսել են 9 հիմնական ուղղություն՝ Արարատի ու Վայոց ձորի ճանապարհահատվածներում են։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պետք է գնել լավագույն կշեռքները. «Ասում են թանկ է, բայց ասացվածք կա՝ ասում է «ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ»: Մենք, անընդհատ էժան ապրանք առնելով, տպավորություն է, թե մեր ռեսուրսները անսահմանափակ են, անելիս միանգամից արեք լավը ու արագ»։

Նշվեց, որ գործարկումից հետո 522 մշտադիտարկում է իրականացվել, որի արդյունքում  14 միլիոն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառել, իսկ 2022-ի ընթացքում 60 իրավախախտման դեպք են հայտնաբերել 13,6 միլիոն դրամի չափով: