Քաղաքական

Բանավեճ խորհրդարանում

«Դիվանագիտական ծառայության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ՔՊ խմբակցության պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ։

Վաղարշակ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սահմանել 5 տարվա աշխատանքային ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն։

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԳՆ անունից ողջունեց այս նախաձեռնությունը։ 

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, դիմելով Պարույր Հովհաննիսյանին, ասաց․ «Հասկացա, որ սա համատեղ նախաձեռնություն է պատգամավորի եւ նախարարության։ Հրատապությունն ինչո՞վ է պայմանավորված՝ հաշվի առնելով, որ մեր հանձնաժողովը տեղյակ չէ այս նախագծից։ Մեզ կարծիքի համար այն չի ուղարկվել»։

Աղաջանյանը նաև նշեց՝ «Անկեղծ՝ չեմ հասկանում, թե ինչու է շրջանցվել ինստիտուցիոնալ ճանապարհը՝ մինչեւ լիագումար նիստ հասնելը։ Տվյալ նախագիծը չի եկել մեր հանձնաժողով, մենք քննարկելու հնարավորություն չենք ունեցել։ Ասացիք, որ հրատապությունը չէ խնդիրը, ուստի կառաջարկեի հետաձգել, քննարկել մեր հանձնաժողովում, եթե հրատապության վերաբերյալ այլ հիմնավորում չունեք»։
Հարցը պարզաբանեց նաև Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով. «Անհասկանալի է ձեւակերպումը, թե սա համատեղ օրենք է։ Այն ես եմ ներկայացրել, չի կարող համատեղ լինել։ Իհարկե, կառավարության հետ քննարկել ենք։ Որքանով տեղյակ եմ՝ այս օրենքի պրոֆիլային հանձնաժողովը պետք է լինի պետաիրավական հանձնաժողովը։ Որքանով տեղյակ եմ՝ Վլադիմիր Վարդանյանը տեղեկություններ ունի այս օրենքից։ Հիմա ընթացակարգը հասկանանք, եւ ես կառաջարկեմ, որ դուք էլ դառնաք քննարկմանը մասնակից»։ 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Հանուն արդարության, կարծում եմ, ճիշտ կլիներ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկել։ Որպես այդ հանձնաժողովի նախկին նախագահ եմ ասում»։ 

Այդուամենայնիվ, նախագիծը քվեարկվեց և ընդունվեց ԱԺ-ում։