Քաղաքական

«Հայփոստի» տնօրենն արձակուրդում է. արդյո՞ք նա կշարունակի պաշտոնավարել

«ՀայՓոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն օրերս անդրադարձել էր իր հասցեին մամուլում եղած հրապարակումներին, որոնցում իրեն մեղադրել էին կոռուպցիայի մեջ։ Կարապետյանն արձագանքել էր. «Ինչքան Իլոն Մասկը կապ ունի ոչխարաբուծության հետ, այդքան էլ Հայկ Կարապետյանը կապ ունի կոռուպցիայի և չարաշահման հետ»։ 

Radar Armenia-ն նախ փորձեց Հայկ Կարապետյանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվել՝ արդյո՞ք Կարապետյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, թե ոչ։ Մեր հարցմանն ի պատասխան «Հայփոստից» խոստացան գրավոր հարցման դեպքում պատասխան ուղարկել։ Հարցումն ուղարկելուց հետո, սակայն, տեղեկացանք, որ մամլո հաղորդագրություն է սպասվում. «Առաջիկա օրերին «Հայփոստը» հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որտեղ էթիկայի սահմաններում կանդրադառնանք նաև այդ հարցերին»:

Ավելի ուշ Գևորգ Աբրահամյանը նաև բանավոր մեկնաբանեց՝ նշելով. «Կարապետյանը արձակուրդում է գտնվում, խնդրում ենք համապատասխան գերատեսչություններից պատասխաններ ակնկալել»։

Միայն թե, նկատենք՝ այդպես էլ հստակ պատասխան չստացանք, թե արդյոք պատրաստվում է Հայկ Կարապետյանը լքել «ՀայՓոստ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, թե՝ ոչ։