Ինչպես հայտնի է, ԱԺ խորհուրդը վաղը նիստ է գումարելու՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նման նախաձեռնության հիմքը մեկ կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է եղել։
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում մանրամասնած է, թե ՍԴ-ում ինչպե՞ս է ընթանալու այս հարցով ԱԺ խորհրդի ներկայացված դիմումի քննությունը։
Ըստ 79 հոդվածի, պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող։
Միաժամանակ, պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Այդ գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Գործով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
Իսկ պատգամավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո: