Քաղաքական

Սյունիքի փրկությամբ, մեծ հաշվով, պարտական ենք Միացյալ Նահանգներին

Հուլիսի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Սենատի քննարկմանն է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունը:

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն այս որոշման մեջ ուղերձ և վերաբերմունք է տեսնում։

Radar Armenia-ի հետ զրույցում նա նշեց. «Ես ուշադրություն դարձրի, որ նորանշանակ դեսպանը, որը օգոստոսից է անցնելու իր ծառայությանը, գալիս է Ուկրաինայից։ Դա, իմ տպավորությամբ, հետաքրքիր ուղերձ է։ Ես վերջերս մի քանի առիթով ասում էի՝ եթե աշխարհաքաղաքական պայքարը ռազմական առումով կատարվում է Ուկրաինայում, ապա դիվանագիտական պայքարը՝ Հայաստանում։ Այսօր, Ուկրաինայից հետո, Հայաստանն իր կարևորությամբ երկրորդ երկիրն է։ Պատահական չէ, որ մեր աչքի առաջ վերջին շաբաթներին այստեղ էին այցելում բարձրաստիճան դիվանագետներ և քաղաքական գործիչներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իրանից, Հնդկաստանից, Գերմանիայից։ Կանադան և Իսպանիան են բացում դեսպանատուն։ Այսինքն, ապացուցվում է, որ այստեղ բախվում են երկու խոշոր աշխարհաքաղաքական նախագծեր։ Մեկը հյուսիս-հարավ նախագիծն է, որը սկսվում է Սև ծովից, ավելին՝ Ուկրաինայից, Մոլդովայից Վրաստան, Հայաստան և դեպի Իրան, երկրորդ նախագիծը՝ Ռուսաստան- Թուրքիա-Ադրբեջան նախագիծն է, որը փորձեցին իրականացնել 2020 թվականի արցախյան պատերազմով»։

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ գործող դեսպան տիկին Թրեյսին, օրինակ, ծառայության սկզբնական շրջանում զուսպ էր, մինչև որ Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը կտրուկ չփոխվեց, և պատերազմից հետո տիկինն իր վրա վերցրեց մեծ առաքելություն. «Փաստորեն, Սյունիքի փրկությամբ, մեծ հաշվով, պարտական ենք Միացյալ Նահանգներին՝ հանձինս տիկին Թրեյսիի, բայց հասկանում ենք՝ դա իր անձնական որոշումը չէր, դիվանագետները կատարում են իրենց երկրների արտաքին քաղաքականությունը»։

Տիգրան Խզմալյանը մի գրառմամբ էր հանդես եկել ֆեյսբուքյան իր էջում, որն էլ հենց դարձել էր մեր ունեցած հարցազրույցի շարժառիթը։ «ԱՄՆ նոր դեսպանը Երևան է գալիս Կիևից: Դեսպան չի՝ տարո՛ս է»,- այսպես էր արձագանքել Խզմալյանը դեսպանի փոփոխությանը։ Թե ինչ նկատի ուներ Եվրոպական կուսակցության ղեկավարը՝ «տարոս» ասելով, ճշտեցինք իրենից. «Նկատի ունեմ՝ այնպես, ինչպես ՌԴ գաղութային զավթիչ թակարդից ազատվում է Ուկրաինան, հույս եմ հայտնում, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության օգնությամբ նույն թակարդից կազատվի նաև Հայաստանը»։

Մեր հարցին, թե ԱՄՆ նորանշանակ դեսպանը ինչ անելիք կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ այն դեպքում, երբ այդ հարցը մեր իշխանությունների համար առաջնային նշանակության է, Խզմալյանը նկատում է, որ պետք չէ ոչ միայն դեսպանի, այլև՝ մեր իշխանությունների տեսակետները գերագնահատել, քանի որ մեր իշխանությունները, բարեբախտաբար, առաջնորդվում են ոչ միայն իրենց անձնական պատկերացումներով. «Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մեծ հոսանքի մեջ, և այդ հոսանքը կոչված է փոխել վերջին տասնամյակների աշխարհը, որում Հայաստանը շատ կրավորական և անբարենպաստ դերակատարություն ուներ։ Միացյալ Նահանգների և Եվրամիության քաղաքականությունը միտված է ժողովրդավարության և մարդու իրավունքների, ազգային ինքնորոշման իրավունքները պաշտպանելու։ ՌԴ-ն՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, «մի փոքր» այլ մոտեցում ունի, ուստի Հայաստանի իշխանությունները հիմա ոչ բացահայտ մտել են ճիշտ հունի մեջ, և մենք սատարում ենք քաղաքակիրթ աշխարհի օրակարգը, որը մեզ դուրս կհանի ռուս-թուրքական թակարդից։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը միայն օգնելու է մեզ։ Ուկրաինայից բերած դեսպանը ուղերձ է մեզ առ այն, թե ինչ է ցանկանում Միացյալ Նահանգները հայ ժողովրդին՝ անկախություն, ազատություն, ժողովրդավարություն»,- ասաց Խզմալյանը։