Հուլիսի 11-ին կարևոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ հայկական իրականությունում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դա որակեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Ըստ նրա՝ մինչև այս եղել էին միայն հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ, որոնցից ընդամենը մեկում էր պայմանավորվածություն ձեռք բերվել՝ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանի բացումն ու բեռնափոխադրումների կազմակերպումը. «Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի քաղաքական նշանակությունը պետք չէ գերագնահատել, որովհետև մենք նախկինում էլ ունեցել ենք նույնիսկ նախագահների փոխայցեր, բայց հետո գործընթացը հայտնվել է փակուղում։ Այնուամենայնիվ, սա մեկ քայլ առաջ է հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած՝ նույնիսկ փոքր առաջընթաց ողջունելի է։ Հույս կա, որ այդ հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր խթան կստանա այս զրույցով»։
Ըստ Սուրենյանցի՝ հայ-թուրքական հաշտեցման համար տասնամյակներ կպահանջվեն. «Ընդ որում, կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ, սահմանները բացվեն, բայց հաշտեցման դա չհանգեցնի»։
Այդ դեպքում ո՞րն է պատճառը, չէ՞ որ գուցե ամենակարևորը՝ քաղաքական կամքն, արդեն իսկ կա. այս հարցին Սուրենյանցը պատասխանեց. «Քաղաքական կամքը կա, բայց հաշտեցման համար շատ երկար ժամանակ է պետք, հեշտ գործընթաց չէ։ Ամեն դեպքում խոսում ենք երկու թշնամական պետությունների հարաբերությունների մասին։ Այնպես չէ, որ այս գործընթացը պայմանավորված է բացառապես Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերություններով։ Օրինակ, Թուրքիան այս հարցը դիտարկում է նաև իր և ԱՄՆ-ի, իր և ՌԴ-ի հարաբերությունների համատեքստում։ Պատահական չէ, որ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, կամ դրան նախորդած Փաշինյան-Պուտին, ապա նաև՝ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը։ Մենք պարտավոր ենք ընդունել այն փաստը, որ Թուրքիան տարածաշրջանային կայսրություն է, և նա ավելի մեծ պատուհանից է նայում ռեգիոնում տեղի ունեցող իրադարձություններին»։
Սուրենյանցի կարծիքով՝ այս հեռախոսազրույցն արդեն դարձել է Պուտին- Էրդողան զրույցի քննարկման թեմա, որովհետև Փաշինյանի հետ զրույցից հետո Էրդողանը զրուցել է Պուտինի հետ։ Բացի այդ, Հայաստանը պետք է նկատի ունենա, որ հայ-թուրքական հարաբերությունների երկխոսության մեջ շատ կարևոր դերակատարում ունեն, թե՛ ՌԴ-ն, թե՛ Միացյալ Նահանգները, և, բնականաբար, այս հարցը Էրդողանը քննարկելու է նաև Պուտինի և Բայդենի հետ։
Ինչ վերաբերում է թեմայի շուրջ ընկալումներին, քաղաքագետը նկատեց՝ պատերազմից հետո Հայաստանում շատերը բնական ֆոբիաներ ունեն պատերազմի հանդեպ, և ցանկացած քայլ, որը կբերի պատերազմի ռիսկերի նվազեցմանը, ողջունելի կլինի հանրության կողմից. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միանշանակ բերելու է նոր պատերազմի ռիսկերի նվազեցման։ Սակայն տասնամյակներ են պետք, որպեսզի հայ և թուրք ժողովուրդները սովորեն խաղաղ գոյակցել և իրար ընկալել հարևան, որի հետ անհրաժեշտ է երկխոսություն ունենալ։ Հատկապես Հայաստանի իշխանությունը պետք է խիզախ և հետևողական գնա հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի, որովհետև եթե մենք մեր հարևան երկրների հետ հարաբերությունները չկարգավորենք, պատերազմի ռիսկը միշտ լինելու է, իսկ հնարավոր նոր պատերազմը կարող է կորստի առաջ կանգնեցնել Հայաստանը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։