Տասնյակ տարիներ ի վեր Հայաստանում շարունակվող տնտեսական դժվարությունները, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների գնահատականների, կոռուպցիայի ուղիղ հետևանք են, ուղեկցվելով բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի հարստացումներով՝ նաև ներքաղաքական պայքարի թեմա են եղել։ Այդ համատեքստում՝ նախկինում ընդդիմությունը մեղադրում էր իշխանություններին, որ երկրում համատարած թալան է, իշխանությունն էլ արդարանում էր՝ պահանջելով «փաստերով» ապացուցել։ Ներկայումս Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը գործնական դաշտ է տեղափոխվել: Սա են փաստում Գլխավոր դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հաղորդագրությունները, որոնցից պարզ է դառնում, թե ինչ մասշտաբի ունեցվածք են կուտակել առանձին անձինք, ինչը պաշտոնական աշխատավարձով պարզապես անհնար կլիներ։
Radar Armenia-ն ի մի է բերել ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունների թվային պատկերը՝ ցույց տալու, թե մինչ այս պահը նախկին որ պաշտոնյաներն են հայտնվել դատախազության ուշադրության կենտրոնում և ինչ անհամապատասխանություններ կան նրանց ստացած եկամուտների ու տիրապետած ունեցվածքի միջև։
- Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 1.568.004.943 ՀՀ դրամ։
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և նրա կնոջից՝ Անուշ Արարատի Անտոնյանից՝ 485.139.572 ՀՀ դրամ։
- ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից՝ 15.331.181.154 ՀՀ դրամ և 1․661․628 ԱՄՆ դոլար
- Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից՝ 2.170.774.599 ՀՀ դրամ։
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից՝ 16.783.994.422 ՀՀ դրամ:
- ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից՝ 2.814.340.917 ՀՀ դրամ։
- ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից՝ 8.225.599.616 ՀՀ դրամ:
- ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանից՝ 6.538.503.795 ՀՀ դրամ:
- «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանից և նրա հետ փոխկապակցված 2 անձանցից՝ 1.603.392.522 ՀՀ դրամ։
Այս գործերով ընդհանուր առմամբ, շուրջ 50 միլիարդ դրամ կամ ավելի քան 120 մլն ԱՄՆ դոլար կվերադարձվի պետական բյուջե, եթե դատախազության մեղադրանքները հաստատվեն դատարանում։