Քաղաքական

Դիլիջանի 2 թունելների նորոգման համար միջազգային մրցույթ է հայտարարվել

Կառավարությունը 13.3 մլրդ դրամ է հատկացրել ջրամբարաշինություն, Երևանում ճանապարհաշինություն և միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այդ ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին:

Նախարարի խոսքով. «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա  3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»։

Սանոսյանը մանրամասնել է, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար 4.1 միլիարդ դրամ է անհրաժեշտ. «Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, թե Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված. «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»: