Քաղաքական

ԶՈՒ-ի և ՊՆ-ի կառուցվածքի ձևավորման համար աշխատել են ՌԴ գործընկերների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նա տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում, դիտարկվել են բազմաթիվ առաջարկություններ. «Մի շարք հարցերի, այդ թվում՝ ԶՈՒ-ի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք ՌԴ գործընկերների հետ»։ Ըստ Պապիկյանի, նախագծերի փաթեթով դրվում է ԶՈՒ-ի և նախարարության ուղղահայաց կառավարման հիմքը։

Նախագծով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոշում է ընդունում Հայաստանի տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին: Սահմանադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն, Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում՝ լուծում է պատերազմ հայտարարելու հարցը»:

Սուրեն Պապիկյանի խոսքով, հստակեցվում է ԶՈՒ գլխավոր շտաբի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը: Ղեկավարման ուղղահայաց համակարգի բարելավման և ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր՝ ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում:

Նշվել է նաև, որ փաթեթով հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոնները ևս, ըստ անհրաժեշտության, զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում է ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում: