Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո սեպտեմբերի 25-ին ընդունվեց Անկախ պետականության հիմնադրույթների մասին սահմանադրական օրենքը, որում ամրագրված էին երկրի կարևորագույն, հիմնական սկզբունքները;
Իսկ ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։
2005-ին փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սահմանադրության մեջ, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի: