Քաղաքական

Պետք է մտածեմ՝ մանդատը օգուտ կտա, թե՝ ոչ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Եթե նա մեկ շաբաթվա ընթացքում իր որոշումը չփոխի, մանդատը կփոխանցվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին, այս դեպքում՝ ՀՅԴ-ական Արգիշտի Գևորգյանին։

Radar Armenia-ի հետ զրույցում Արգիշտի Գևորգյանն ասաց, որ մանդատը վերցնելու որոշում դեռ չունի. «Դրա համար դեռ ժամանակ կա, պարոն Ղազինյանն էլ դեռ ժամանակ ունի՝ դիմումը ետ վերցնելու։ Թող ժամանակն անցնի, կմտածեմ»։

Մեր հարցին՝ ի՞նչը կարող է խանգարել, որ նա վերցնի մանդատը, Գևորգյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել, քանի որ դեռ մտածում է. «Մանդատն ինձ որևէ բանով ոչ օգուտ է տալու, ոչ էլ սահմանափակելու է։ Ես հենց հիմա էլ պայքարի մեջ եմ։ Դրա մեջ եմ եղել նոյեմբերի 24-ից, երբ պատերազմից հետ եմ վերադարձել։ Պայքարի մեջ լինելու եմ այնքան, մինչև անհայրենիքների իշխանությունը վերանա։ Այդ իմաստով, պետք է մտածեմ՝ այդ մանդատը օգուտ կտա՞, թե՞ ոչ»։

Արգիշտի Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև՝ պաշտոնազրկումների և հրաժարականների ֆոնին որևէ ընդդիմադիր պատգամավորի մանդատ հարկավո՞ր է։ Վերջինս պատասխանեց. «Այնքանով է հարկավոր, որ, վերջ ի վերջո, պատգամավորներն են որոշելու վարչապետին փոխելու հարցը։ Բացի այդ՝ ընդդիմադիր պատգամավորներն այսօր էլ ամեն ինչ անում են, որպեսզի իշխանության շարքերից էլ կարողանան այս դաշտ բերել պատգամավորների, որպեսզի այդ քվեարկությունն ապահովեն։ Այդ իմաստով, միանշանակ, կարևոր է մանդատների պահպանումը»։

Իսկ ինչ վերաբերում է օրենսդրական այլ նախաձեռնություններին, ըստ մեր զրուցակցի, դրանք այդքան էլ կարևոր չեն, քանի որ այսօր միակ կարևոր հարցը «հայրենիքի լինել-չլինելու հարցն է»։

Հիշեցնենք, որ մեր նախորդ հարցազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Արթուր Ղազինյանի հեռացմամբ խմբակցության կազմաքանդման մասին խոսելն ավելորդ էր համարել։