Քաղաքական

Թուրքիան հարևանների հետ ապրում է կիսառազմական դիվանագիտությամբ

Radar Armenia-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը։

- Պարոն Նահապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը և դրանում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հետ։ Կա պայմանավորվածություն՝ նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը ամենասեղմ ժամկետներում մեկնարկելու մասին։

- Որպես այդպիսին՝ ընթացիկ, միջանկյալ, սովորական արդյունքներ են, այսինքն, փոքր, բայց ինչ-որ արդյունքներ են։ Ինձ համար ավելի էական է հայ-թուրքական հարաբերությունների լայն համատեքստը։ Հենց այդտեղ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդպիսի հարաբերությունների կարգավորումը, և արդյոք դա հնարավոր է։ Ես այդ առումով շարունակում եմ մնալ հոռետես, որովհետև չեմ տեսնում, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հենված է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման անկեղծ մղումների վրա։ Հակառակը, տեսնում ենք, որ Էրդողանի կառավարման տասնամյակը, խոշոր հաշվով, կոնֆլիկտների միջոցով դիվանագիտություն իրականացնելու տասնամյակ է, և, հատկապես այս փուլում, երբ ամբողջ աշխարհը կոնֆլիկտների միջոցով է հարաբերություններ պարզում, չեմ կարծում, թե այդ հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորություն կա։

- Մինչ հանդիպումը՝ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում, կարծես, դժգոհել էր՝ նշելով, որ առանձնապես տեսանելի առաջընթաց չկար։ Փաստորեն, դուք էլ եք նույն տեսակետին։

- Առաջընթաց կա այնքանով, որքանով կա։ Բեռնափոխադրումների իրականացումը կամ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը մաքսիմում ռուսների համար ձեռնտու մանևրներ կարող է տալ, կամ եթե հայ-ադրբեջանական կոմունիկացիաները ապաշրջափակվեն, ապա ադրբեջանցիներին ինչ-որ առավելություններ կարող է տալ։ Հայաստանի համար ուղիղ, մեծ էֆեկտներ չեմ տեսնում։ Երբ ռազմավարական մեծ համատեքստի հանդեպ կասկած կա, թե որքանով դա կարող է հաջողել, այս փոքր դետալները հնարավոր չի լինում հրավառություններով ընդունել։ Այնպես չէ, որ սա մեծ և հնարավոր ճանապարհի առաջին փոքրիկ քայլն է, և մենք պետք է ուրախ լինենք, որ մի քայլ գնացել ենք առաջ։ Սա անհնարինի ճանապարհին փոքրիկ առաջխաղացում է, որը կարող է վաղը նաև մեծ ռեգրեսի վերածվել։

- Ի՞նչ նկատի ունեիք, երբ ասացիք՝ ադրբեջանցիների համար սա կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ։

- Եթե հայ-ադրբեջանական կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, ադրբեջանցիները կկարողանան դեպի Թուրքիայի որոշ հատվածներ ավելի օպտիմալ գնալ, քան, օրինակ, Նախիջևանով տարբերակի դեպքում, որովհետև նրանք երրորդ երկրի քաղաքացի են, իսկ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այդ համատեքստում։

- Ռուբեն Ռուբինյանը նաև իր ճեպազրույցում կասկածի տակ էր դնում թուրքական կողմի քաղաքական կամքի առկայությունն այս հարցում։ Արդյո՞ք այս հանդիպումը կարող է չեզոքացնել Ռուբինյանի մտահոգությունները։

- Ոչ, չեմ կարծում, որ այդ հանդիպումով որևէ շեշտակի փոփոխություն պետք է լինի։ Առհասարակ, մեծ ռազմավարական համատեքստը այս փոքր քայլերով չի կարող փոխվել։ Այս պատմության ռազմավարական համատեքստն այն է, որ Թուրքիան վերջին տասը տարում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորում է կիսառազմական դիվանագիտության ճանապարհով և ոչ՝ հարաբերությունների նորմալացմամբ։ Այդ ընթացքում Հունաստանի վարչապետի հետ ճաշկերույթ էլ են ունեցել, դրանով հույն-թուրքական հարաբերություններն ավելի լա՞վ են հիմա։ Այս առումով ակնհայտ է․ որ Թուրքիայի՝ աշխարհում և տարածաշրջանում ապրելու ռազմավարությունը հենված է կոնֆլիկտների վրա և ոչ՝ դրանց կարգավորման։

- Այս գործընթացի հետ կապված՝ արդյո՞ք տեսանելի են Արևմուտքի կողմից Թուրքիայի վրա ճնշումներ, թե՞ Թուրքիան սեփական նախաձեռնողականությամբ է առաջ շարժվում։

- Արևմուտքն ասում է, որ կուզեր՝ դրանք նորմալանան, այլ հարց է, թե դիվանագիտական տեքստերը որքանով են արտահայտում բուն մտադրությունները։ Այդ առումով՝ իմ կարծիքն այդքան էլ միանշանակ չէ, որ Արևմուտքին հարյուր տոկոսանոց ձեռք է տալիս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, բայց, ամեն դեպքում, բանավոր խոսքում իրենք ասում են, որ ողջունում են։

- Իսկ ո՞ւմ է, առհասարակ, ձեռք տալիս հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։

- Կորուսյալ դրախտը գտնելու մոտեցումը քաղաքականության մեջ լավ բան չի։ Բոլոր կողմերը հարաբերությունների կարգավորման դեպքում և՛ կշահեն, և՛ կկորցնեն։ Ես այս պահին չեմ տեսնում, որ ինչ-որ մեկն ազգային ռազմավարության անկյունաքար է դարձրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, չհաշված՝ ՔՊ խմբակցության մի թևի, որը մտածում է, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվում, ապա ինչու՞ ենք աշխարհի երեսին առհասարակ ապրում։ Որպես այդպիսին, բոլորը այդ հարաբերությունների կարգավորման մեջ իրենց և՛ օգուտները, և՛ ռիսկերն են տեսնում, բայց ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի ռազմավարություն ունի այդ հարցում Թուրքիան։ Ըստ իս՝ Թուրքիան կարգավորման ռազմավարություն չունի։ Նաև հարց է՝ ինչպիսի ռազմավարություն ունի Հայաստանը։ Կարծում եմ՝ այն որևէ կերպով առկա չէ։