Քաղաքական

Արթուր Ղազինյանի հեռացումն արդյո՞ք կազմաքանդում է խմբակցությունը. մեկնաբանում է պատգամավորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Նա մանրամասնել է, որ թեև մնում է ընդդիմադիր շարժման գաղափարախոսության համախոհ, սակայն ԱԺ-ում որևէ օրակարգով իր հետագա աշխատանքն այլևս չի պատկերացնում և ազնիվ չի համարում պահպանել մանդատը։

Radar Armenia-ի լրագրողի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծիք հայտնեց, թե Արթուր Ղազինյանն իր հայտարարությամբ արդեն իսկ շատ անկեղծ մեկնաբանել է մանդատը վայր դնելու իրողությունը և ուղիղ նշել թե՛ պատճառները, թե՛ իր նպատակները. «Կարող եմ վստահեցնել միայն, որ իր գործընկերների հետ զրուցել է, տեղեկացրել իր ցանկության մասին. գործընկերային բոլոր հարաբերությունները պահպանվել են»։ 

Մեր դիտարկմանը՝ Արթուր Ղազինյանին կարելի՞ է համարել խմբակցության կորիզը, և իր հեռացումով խմբակցությունը արդյո՞ք կազմաքանդվում է, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Կազմաքանդման մասին խոսելն, իհարկե, ավելորդ է: Վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցներն առիթ կունենան դրանում համոզվելու, և ամեն ինչ ակնհայտ կլինի գործընթացի եզրափակիչ փուլում։ Մարդիկ առիթ կունենան՝ վերջնական եզրահանգման գալ»: