Քաղաքական

Բայց այս աշունը 100 տոկոս շատ ավելի թեժ է լինելու, քան գարունն էր կամ անցած ամիսը․ Վահե Հակոբյան

Parliamentmonitoring-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

-Ասում եք՝ կզարգացնեք փողոցային պայքարը։ Ի՞նչ ծրագրեր ունեք։

-Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, վաղը, կարող է, մենք ինչ-որ շտկումներ մտցնենք կամ ծրագրեր փոխենք։ Բայց այս աշունը 100 տոկոս շատ ավելի թեժ է լինելու, քան գարունն էր կամ անցած ամիսը։ Նիկոլը հիմա կլինիկական մահվան մեջ է, դա կտևի 3, թե 6 ամիս, էական չէ։ Ես չեմ հասկանում այդ մարդու տրամաբանությունը։ Վերջին ասուլիսին էլ հստակ մեսիջներ ուղարկեց, թե՝ ժողովուրդ ջան, մենք Բերձորն ու Լաչինի միջանցքը պետք է հանձնենք։ Որտե՞ղ է գրված, որ այդ բնակավայրերը պետք է հանձնվեն։ Նաև նախապատրաստեց, որ «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզին։

-Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է նախատեսված, որ պետք է հանձնվեն։

-Բնակավայրերի մասին խոսք չկա, ճանապարհների ու ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Իսկ Ադրբեջանն իր պարտավորությունները կատարե՞լ է։ Երբ որ միակողմանի զիջումների է գնում, ինչո՞ւ չի պնդում գերիներին վերադարձնելու հարցը։ Իրենք ոչինչ չեն անում, որ վերադարձնեն։ Ադրբեջանի զինված ուժերը երբ տասնյակ կիլոմետրերով առաջ եկան ու Կապան մտան, 2 ճանապարհը վերցրեցին, դա որտե՞ղ էր գրված։

-Իսկ սեպտեմբերին կվերադառնա՞ք ԱԺ։

-Միայն մեր օրակարգով։ Ինչ-որ իրենք են բերելու, իհարկե, ոչ։