Քաղաքական

Հայկ Մարությանը կարող էր պարզապես պնդել, որ «մաքուր» է աշխատել. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընթերցեցի Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքը 2018-2021 թվականների ընթացքում կատարված չարաշահումների մասին լուրի վերաբերյալ: Տեքստը՝ մեկնաբանություններում:
1. Այդքան գրելու փոխարեն կարելի էր պարզապես պնդել, որ «մաքուր» է աշխատել և որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող, կամ գոնե դրանք հենց իր հետ չեն կարող կապվել:
2. Տարօրինակ է նաև իր այն հարցադրումը, թե ինչո՞ւ է հենց իր ժամանակահատվածը ընտրվել, ոչ թե իրենից առաջ և հետո: Տարօրինակ է, որովհետև իրենից առաջ եղած չարաշահումները իրավապահների օգնությամբ վերհանելու համար հեղափոխական քաղաքապետը ուներ երեք տարի ժամանակ, ուստի, եթե իրեն իր իսկ գործունեությունը թերի է թվացել, փոքր ինչ ուշ է դրա մասին խոսելը:
3. Իրենից հետո անցել է շուրջ 6 ամիս և ավագանու ներկայիս կազմում կան ակտիվ անդամներ, որոնք չեն թաքցնում իրենց համախոհությունը Մարությանին և եթե եղել է առերևույթ որևէ չարաշահում այս ամիսների ընթացքում, ապա դրա մասին առաջին հերթին պետք է բարձրաձայնեին իր ակտիվ աջակիցները, ինչպես բարձրաձայնում էի ես իր գործունեության վերաբերյալ»:

Հիշեցնենք՝ Radar Armenia-ն գրել էր այն մասին, որ ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել։