Քաղաքական

Ինչպե՞ս են ժամանակին ընտրվել Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը

ԱԺ որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ետ կանչվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, նաև՝ դադարեցվեցին Վահե Հակոբյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։

ԱԺ որոշումներին կողմ էին քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 66 պատգամավորները։

Radar Armenia-ն փորձեց հիշել, թե ութերորդ գումարման ԱԺ կազմավորումից հետո Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանն ինչպե՞ս են ընտրվել իրենց պաշտոններում։

Եւ այսպես, ութերորդ գումարման ԱԺ-ն իր լիազորությունները ստանձնեց 2021թ. օգոստոսի 6-ին։ Այդ օրն ընտրվեց խորհրդարանի ղեկավար կազմը։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, «Հայաստան» խմբակցությանը դոնթի բանաձևով բաժին էր հասել ԱԺ փոխնախագահի և երեք մշտական հանձնաժողովի նախագահի տեղ։

«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ԱԺ փոխնախագահ ընտրվեց երրորդ փորձից միայն: Քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավորից 103-ը: Սաղաթելյանի օգտին կողմ էր քվեարկել 64, դեմ՝ 37 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Առաջին քվեարկությանը Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր էր  համարվել, ընտրվելու համար բավարար չէր մեկ ձայն: Երկրորդ ընտրության արդյունքում Սաղաթելյանը ստացել էր 49 կողմ, 49 դեմ ձայներ, անվավեր էր համարվել 5 քվեաթերթիկ:

«Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել 59 կողմ, 43 դեմ ձայներով։