Քաղաքական

Քննարկում են Արմեն Գևորգյանին ու Թագուհի Թովմասյանին ևս պաշտոնից զրկելու հարցը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե հնարավոր է, որ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելուց հետո այդ պաշտոնները թափուր մնան: 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր երկու պատգամավորներին պաշտոններից զրկելով ՔՊ-ն բավարարվի և ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռեւս քննարկման փուլում է և պայմանավորված հետագա զարգացումներով, նաև ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ՔՊ այս որոշումը քաղաքական է և պայմանավորված է ընդդիմադիրների սուր հայտարարություններով, Հովհաննիսյանն արձագանքեց. «Նախ, սուր արտահայտվելը հարաբերական է, նրանք սանձարձակությունների են դիմում և լկտի պահվածք են դրսևորում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա մենք պատգամավորներ ենք, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ և մեր բոլոր որոշումները քաղաքական են: Իսկ հիմնավորումները իմ գործընկերները ԱԺ-ում հնչեցրել են»:

Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին, նա դիմել է ՍԴ և որևէ արդյունքի չի հասել, որովհետև այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է. «Բայց այո, կարող են դիմել ՍԴ»:

Արթուր Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել և դեռ հիմա էլ քննարկում են նաև ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի և Արմեն Գևորգյանի մասին է:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»: